Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը շնորհավորել են Վրաստանին և վրաց ժողովրդին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ։
Դաննիգանի տեսաուղերձը հրապարակվել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Ըստ նրա՝ այսօր իսկապես պատմական օր է:
«Միացյալ Նահանգները մեծ ոգևորությամբ է նշում Վրաստանի կողմից Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակի ընդունումը։ Մենք նաև ողջունում ենք Եվրոպական միության և նրա անդամ երկրների հանձնառությունը եվրոպական ընտանիքի ընդլայնման մասին։ ԱՄՆ-ը ձեզ հետ նշում է. դուք վրացի եք, հետայսու՝ եվրոպացիներ։ Մենք հպարտ ենք, որ աջակցել ենք ձեզ այդ ճանապարհին և կշարունակենք դա անել: Կրկին շնորհավորում եմ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն ընդգծել է վրաց ժողովրդի դերը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու գործընթացում։
«Շնորհավորում եմ վրաց ժողովրդին։ Դուք արեցիք դա: Ձեր եվրոպական ոգին, ժողովրդավարությանն ու ազատությանը ձեր նվիրվածությունը տվել են իրենց արդյունքը: Դեռ ճանապարհ կա անցնելու։ Հուսով եմ շուտով կտեսնեմ ձեզ Եվրամիությունում»,- X-ի իր միկորբլոգում գրել է Կրամոնը:
Ի դեպ, դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին որոշում է կայացրել: ԵՄ առաջնորդները որոշել են նաև սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունները: