Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը խոսելով Ռուսաստանի հետ ուղիղ չվերթերի վերականգնման մասին՝ ասել է, որ հասկանալի է, թե ինչու է այս թեման անհանգստացնում վրաց ժողովրդին։
«Լավ հասկանում եմ, թե ինչու են անհանգստացած Վրաստանի քաղաքացիները։ Վերջին տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանում ապրում է մոտավորապես 130 հազար վրացի, նրանց մեծ մասը երկքաղաքացիություն ունի, իսկ Ռուսաստանից հեռանալ ցանկացողներն արդեն հեռացել են անցյալ տարի։
Ուղղակի օդային հաղորդակցությունը վերականգնելու որոշումը մեծապես ձեռնտու է ոչ թե Վրաստանի քաղաքացիներին, այլ Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր ցանկանում են գալ Վրաստան»,- ասել է դեսպանը։
Դեգնանը նշել է՝ այնպես որ, վրաց ժողովրդի մտահոգությունն արդարացի է։
Վրաստանում, ի դեպ, ստորագրահավաք է սկսվել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:
Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունն արդեն թույլատրել է ռուսական Azimuth Airlines և Red Wings ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել դեպի Վրաստան։ Georgian Airways վրացական ավիաընկերությունը ևս սկսում է կանոնավոր չվերթերը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։