![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/Screenshot-2025-02-07-152121.png)
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունն արձագանքել է ճապոնական լրատվամիջոցի հոդվածին, ըստ որի՝ Վրաստանի դեսպանը Տոկիոյում հանդիպել է «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի որդուն՝ Ուտա Իվանիշվիլիին և նրան «ճամպրուկ» հանձնել:
«Վրաստանի համար»-ը նշում է՝ լրագրողական հետաքննությունը հիմնավոր կասկածներ է հարուցում, որ Վրաստանի դիվանագիտական ծառայությունը և դիվանագետները ներգրավված են Իվանիշվիլիի և նրա ընտանիքի անձնական շահերի սպասարկման մեջ:
«Կա նաև հիմնավոր կասկած, որ կա դիվանագիտական փոստի և դիվանագիտական անձեռնմխելիության օգտագործում անձնական նպատակներով։ Հավանաբար փոստն օգտագործվում է պատժամիջոցներից խուսափելու և սև փողեր փոխանցելու համար», — հրապարակված հայտարարության մեջ գրել է կուսակցությունը:
Ըստ «Վրաստանի համար»-ի՝ սա ոչ միայն վրացական օրենսդրության, այլև միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է, և կարող է մեծ դիվանագիտական սկանդալ առաջանալ:
Ի դեպ, փետրվարի 6-ին ճապոնական «Բունշուն» (Shūkan Bunshun) լրատվամիջոցը հոդված է հրապարակել, ըստ որի՝ Ճապոնիայում Վրաստանի դեսպան Թեիմուրազ Լեժավան Տոկիոյում Ուտա Իվանիշվիլիին սև ճամպրուկը փոխանցելիս ասել է. «Այստեղ մի՛ բացիր: Հուսով եմ, որ կօգնի»:
«Բունշուն»-ը գրել է նաև, որ անշարժ գույքի ռեեստրից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ուտա Իվանիշվիլին 2024 թվականի հունիսին Տոկիոյի շքեղ շենքերից մեկում բնակարան է գնել, որի շուկայական գինը գնման պահին եղել է 500-550 միլիոն ճապոնական իեն (3,28-3,6 մլն ԱՄՆ դոլարի միջակայքում գտնվող գումար է):
«Բունշուն»-ը հրապարակել նաև լուսանկարներ, թեև դրանցում երևում է միայն Թեիմուրազ Լեժավայի դեմքը։ Ենթադրաբար, Ուտա Իվանիշվիլիի դեմքը ծածկված է։