Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան, տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Նշվում է, որ պատվիրակությունը Վրաստանում է երկկողմ համագործակցային հարցեր քննարկելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով։
Ըստ հաղորդագրության՝ այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
«Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել իր հայ գործընկերոջ հետ՝ երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Սանոսյանը ընդգծել է պարբերական հանդիպումների և շփումների կարևորությունը` փոխվստահության առավել ամրապնդման և երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար։ Այս համատեքստում նախարար Սանոսյանն անդրադարձել է նաև Վրաստանի մասնակցությանը օրեր առաջ Գյումրիում կայացած ԵԽ անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի եռաստիճան դասընթացի երրորդ փուլի բացման արարողությանը:
«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փորձի փոխանակման ու համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ։
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միջև տարածաշրջանային և միջպետական փոխկապակցվածության շուրջ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: