Վրաց հասարակությունը կազատագրվի «լիբերալ ֆաշիզմից». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վրաց հասարակությանը «լիբերալ ֆաշիզմից» ազատագրելու մասին։

Նրա խոսքով, հոկտեմբերի 26-ին Վրաստանում կպարտվի «լիբերալ ֆաշիզմը», և 2025 թվականը պետք է լինի վրաց հասարակության, վրացական պետության և վրացական քաղաքականության «լիբերալ ֆաշիզմից» լիակատար ազատագրման տարի։

Կոբախիձեն այսպիսով արձագանքել է հուլիսի 9-ին սոցցանցերում տարածված տեսանյութին, որտեղ քաղաքացին առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեին անվանել է «ռուս ստրուկ»։

«Մյուս հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, հերթական «լիբերալ-ֆաշիստական» փոքրիկ պոռթկումն է, որն իրականացվել է մեր գործընկերոջ՝ պարոն Միխեիլ Սարջվելաձեի դեմ»,- ասել է Կոբախիձեն:

Ըստ նրա՝ այդ քաղաքացին մասամբ ֆինանսավորվում է օտարերկրյա դոնորների կողմից, մասամբ էլ՝ Կեզերաշվիլիի (Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, «Ֆորմուլա» հեռուստաընկերության համասեփականատեր) կողմից:

Նշենք, որ առաջին անգամը չէ, երբ «Վրացական երազանքի» իշխանությունն օգտագործում է «լիբերալ ֆաշիզմ» տերմինը՝ իր հակառակորդներին վարկաբեկելու համար։ Այս տերմինը չի արտացոլում որևէ քաղաքական փիլիսոփայություն կամ միտում։ Տերմինն Արևմուտքում օգտագործում են ծայրահեղ աջ ուժերը, իսկ ռուսական քաղաքական վերնախավը Արևմուտքը հռչակել է որպես իր գլխավոր հակառակորդ՝ «լիբերալ ֆաշիզմի» տեսքով, և այդպիսով նրանք արդարացնում են Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիան որպես «Արևմուտքի գործիք»: