ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար, Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Բասի խոսքով, վրաց հասարակության ձգտումներն ու երազանքները Բիձինա Իվանիշվիլիի «քմահաճույքների պատանդներն» են։
Բասի խոսքով, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ դաշնակիցները գնահատեն, որ երկիրը պատրաստ է կատարել անդամակցության հետ կապված պարտավորությունները, այդ թվում՝ պաշտպանել ժողովրդավարական կառավարման հիմնարար սկզբունքները, որն է` ժողովրդի ազատ կամքը սեփական առաջնորդներին ընտրելու հարցում։
Բասը նշել է, որ Վրաստանում դեսպան լինելուց ի վեր (2009-2012 թթ.)` ինքը չի տեսել Վրաստանի առաջընթացն այս նպատակներին հասնելու ուղղությամբ։
«Որպես ԱՄՆ դեսպան, որն այդքան ջանք գործադրեց 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» համար արդար մրցակցություն ապահովելու նպատակով, խորապես անհանգստացած եմ` տեսնելով, որ նույն խումբն այժմ քանդում է ժողովրդավարական կառավարման և հասարակության հիմքերը:
Եզրափակելով` կասեմ, որ խորապես մտահոգիչ և տխուր է տեսնել, որ ողջ հասարակության ձգտումներն ու երազանքները պատանդն են դարձել մեկ անձի՝ Բիձինա Իվանիշվիլիի քմահաճույքների»,- ասել է Բասը։