Վրաստանն ու Գերմանիան «Միգրացիայի և շարժունակության մասին» կառավարական համաձայնագիր են ստորագրել:
Համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը: Այդ օրը Թբիլիսիում էր Գերմանիայի ներքին գործերի (ՆԳ) դաշնային նախարար Նենսի Փեզերը: Համաձայնագիրը ստորագրել են Փեզերը և Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:
Այս քայլը Բունդեսթագի որոշման շարունակությունն է, որով Վրաստանը ճանաչվել է անվտանգ երկիր։ Գերմանիայի օրենսդիր մարմինը նախագիծը հաստատել է ներքին գործերի դաշնային նախարարության նախաձեռնությամբ։
Թբիլիսիի Օրթաճալա թաղամասի ՆԳՆ վարչակազմում ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել անօրինական միգրացիայի դեմ երկրների համագործակցությունը։
Գոմելաուրիի խոսքով, համաձայնագիրը հիմք չի դառնա Գերմանիայից Վրաստանի քաղաքացիների զանգվածային արտաքսման համար: Նախարարն ասել է, որ համաձայնագիրը նախատեսում է Վրաստան վերադարձող միգրանտների վերաինտեգրում և խտրականությունից պաշտպանություն։
Համաձայնագրի երկրորդ մասն ուղղված է Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև աշխատանքային միգրացիայի և կրթության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, ներառյալ վրացի ուսանողների և հետազոտողների համար ուսումնական և պրակտիկայի ծրագրերի ավելացումը:
Ըստ ՆԳ նախարարի՝ համաձայնագիրը կհեշտացնի աշխատանքային վիզա ստանալու հնարավորությունը. «Մեր քաղաքացիները կկարողանան օրինական կերպով աշխատել և մնալ երկրում այն ժամանակահատվածի համար, որի համար տրվում է վիզան»:
Փեզերը, մինչ գործնական հարցերի մասին խոսելը, շնորհավորել է Վրաստանի քաղաքացիներին թեկնածուի կարգավիճակ ստանալու կապակցությամբ և ընդգծել, որ որպես անվտանգ երկրի կարգավիճակ ունեցող քաղաքացիներ, նրանք Գերմանիայում ապաստան ստանալու քիչ հնարավորություններ ունեն։
«Տեղեկատվական արշավ կանցկացվի, որպեսզի Վրաստանի քաղաքացիներն իմանան Գերմանիայում ապաստան ստանալու ցածր հնարավորությունները, սակայն, մասնագետների և աշխատուժի ներգրավման գործընթացը կշարունակվի։ Մենք կշարունակենք շրջանաձև միգրացիան և ապահովելու, որ գերմանական շուկայում ավելի լավ զբաղվածության հնարավորություններ հայտնվեն»,- ասել է Փեզերը։
Թբիլիսի կատարած այցի ընթացքում նա հանդիպել է նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։
Գերմանիայի Բունդեսթագը ձայների մեծամասնությամբ նոյեմբերի 16-ին հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է Վրաստանին ու Մոլդովային ընդգրկել անվտանգ երկրների ցանկում։ Սա նշանակում է, որ Գերմանիան շատ ավելի հեշտ կհրաժարվի ապաստան տալ Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին և, հետևաբար, կկարողանա ավելի արագ արտաքսել նրանց։