Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանում Չինաստանի դեսպան Ճոու Ցիենի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում Չինաստանի նախագահ Սի Ձինպինի մասին արված հայտարարության համար:
Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ Զուրաբիշվիլիի հայտարարությունը «չի վնասի Վրաստան-Չինաստան հարաբերությունների պատմական բարձր դրական դինամիկային»։
Խոսքը Զուրաբիշվիլիի՝ ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցի մասին է, որտեղ լրագրողը նախագահին հարցրել է՝ «իրատեսական համարո՞ւմ եք, որ Վլադիմիր Պուտինին և Սի Ձինպինին երբևէ կդատեն», նախագահը պատասխանել է. «Իմ ներքին համոզմամբ՝ սա պատմական արդյունք կլինի, որը որոշ բաներ կդնի իրենց տեղը: Եթե ինձ հարցնում եք՝ իրատեսակա՞ն է: Ապա՝ ոչ»:
Վրաստանի կառավարության վարչակազմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ նախագահի հիշյալ հռետորաբանությունը հակասում է Չինաստանի նկատմամբ Վրաստանի կառավարության վերաբերմունքին և չի համապատասխանում երկու երկրների միջև բարեկամական, ռազմավարական գործընկերության ոգուն և վնասում է երկու երկրների բարեկամական և գործընկերային հարաբերությունները։ Վարչապետի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ նախագահ Զուրաբիշվիլին նման կերպ է վարվում։
«Վարչապետի խոսքով, Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ նախագահը չի վարում երկրի արտաքին քաղաքականությունը։ Վրաստանում երկրի արտաքին քաղաքականության իրականացումը Վրաստանի կառավարության բացառիկ իրավասությունն է, և նման մանդատ վրաց ժողովուրդը տվել է միայն Վրաստանի կառավարությանը։ Ըստ այդմ, Վրաստանի նախագահի հայտարարությունը նույնիսկ պաշտոնապես չի արտահայտում Վրաստանի կառավարության վերաբերմունքը չինական պետության և նրա առաջնորդի հանդեպ։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանել հարաբերությունների ակտիվ օրակարգը և աշխատել երկու երկրների միջև կապերի հետագա ամրապնդման ուղղությամբ»,- նշված է կառավարության հաղորդագրությունում։