Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությունը վրացական պետական լրատվամիջոցներին մեղադրում է մշակութային ժառանգության նկատմամբ հեղինակային իրավունքի խախտման համար։ Ադրբեջանական կողմը 2024 թվականի հոկտեմբերի 21-ին նամակով դիմել է Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնին (Sakpatenti) և այս տարի ստացել պատասխան ու խոստում, որ մանրամասն կուսումնասիրեն խնդիրը և համապատասխան միջոցներ կձեռնարկեն։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ բողոքը վերաբերում է 2023-2024 թվականներին 1TV.GE, «Իմեդի» և «Ռուսթավի 2» հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումներին, մասնավորապես.
- 2023 թվականի նոյեմբերի 3-ին 1TV.GE-ի «Նատալիա և Դաթունա» հաղորդաշարում «Բասքալի» պարը, որի մեղեդին հեղինակել և կատարել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Աֆթանդիլ Իսրափիլովը, ներկայացվել է «Հայկական շալախո» խորագրի ներքո:
- 2024 թվականի սեպտեմբերի 14-ին «Իմեդի» հեռուստատեսության «Չվենշոու» հաղորդման եթերում ադրբեջանական պարի (երաժշտության) համար գրված և Դոդոնա Նամորաձեի կատարմամբ «Բասքալի» երգը կրկին ներկայացվել է «Հայկական շալախո» խորագրի ներքո։
- 2024 թվականի մայիսի 24-ին «Ռուսթավի 2»-ի «Պաատայի և Նիկայի շոուն» հաղորդաշարում ցուցադրվել է ադրբեջանական ժողովրդական «Բու քալա, դաշլի քալա» («Այս ամրոցը, քարե ամրոց»), երգի վրացական տարբերակը՝ «Սեր եմ խոստանում», բայց չի հիշատակվել, որ երգն ադրբեջանական է:
Նամակում ադրբեջանական կողմը պահանջել է բացատրել պատճառները, նաև՝ որ վրացի գործընկերները տեղեկատվություն տրամադրեն ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին և հարցը մշտական վերահսկողության տակ պահեն, որպեսզի նմանատիպ միջադեպեր չկրկնվեն։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Sakpatenti-ն այս տարի նամակով հավաստիացրել է Ադրբեջանի մտավոր սեփականության գործակալությանը, որ վերոնշյալ հարցը կպարզվի, և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն իրավական վեճերը լուծելու համար։
Սկզբնաղբյուրը՝ mtavari.tv: