«Ուզում եմ բոլորին կոչ անել հաշվի առնել հարցի զգայունությունը և հատուկ զգուշությամբ վերաբերվել թեմային»,- այսպես է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին մեկնաբանել Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով մոտ ապագայում, համատեղ հանձնաժողովը կվերսկսի աշխատանքները՝ սահմանի դելիմիտացիա-դեմարկացիայի համար համաձայնություն ձեռք բերելու նպատակով:
«Այս ընթացքում վարչապետի հանձնարարությամբ մշտապես շփման մեջ եմ եղել իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ: Մենք, իհարկե, առաջնորդվում ենք՝ ելնելով մեր հարաբերություններից: Մենք համաձայնության ենք եկել ադրբեջանական կողմի հետ, որ մոտ ապագայում կվերսկսվի միասնական հանձնաժողովի նիստը»,- հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Գարեջիի տարածքում տեղափոխությունը տեղի կունենա հաստատված պրակտիկայի համաձայն:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի սահմանապահների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի վանքը փակելուց հետո մայիսի 2-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Վրաստանի լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել: