Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում ամենացավոտ հարցերից է 150 կմ երկարության սահմանագիծը, որն արդեն տասնամյակներ շարունակ մնում է չլուծված:
Ադրբեջանի սահմանապահները պարբերաբար փակում են անապատի վանքի ճանապարհը, այդ թվում նաև հոգևորականների համար: Վերջին անգամ՝ 5 օր առաջ, «Եվրոպա Նոստրա»-ի անդամների հետ Դավիթ Գարեջի վանքի համալիր այցելեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Երկրի ղեկավարի այցի մասին նախագահի աշխատակազմը լուսանկարներ և տեսանյութեր հրապարակելուց հետո ադրբեջանցի սահմանապահները փակեցին անապատի վանք տանող ճանապարհը՝ արգելելով նաև հոգևորականներին մուտքը վանք, գրում է Rustavi 2-ը:
Իր հերթին մենաստանի արքեպիսկոպոս Կիրիոնը հայտարարել է, որ արգելքը կապված է Գարեջիի վանք Զուրաբիշվիլիի այցի հետ:
Նախագահականում հատուկ ասուլիս է հրավիրվել, որտեղ կարևորվել է Ադրբեջանի հետ սահմանի հարցը վերնջնակապես լուծելու անհրաժեշտությունը։
Վրաստանի կառավարությունը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է սկսել, երբ արդեն լրատվամիջոցները ուղիղ եթերով ցուցադրում էին փակված ճանապարհը, ինչպես նաև այն, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները սահմանազատում տարածքը:
Ընդդիմությունը զգույշ է իրավիճակի մասին քաղաքական գնահատական տալու հարցում: Նրանք միայն իշխանություններից պահանջում էին երկխոսություն հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ:
«Բանակցություններն ընթանում են գործընկերային մթնոլորտում, չնայած գիտենք, որ նման հարցերը լուծելու համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- այսպես է Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդն անդրադարձել Ադրբեջանի սահմանապահների կողմից Դավիթ Գարեջիի տարածքում անապատի վանքը փակելու մասին տեղեկատվությանը:
Նրա խոսքով, այս պահին բոլորը պետք է զերծ մնան էմոցիանալ գործողություններից և հայտարարություններից:
Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն անդրադառնալով Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակին, վստահեցրել է՝ «եթե կան խնդիրներ, ապա կլուծվեն»:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը Զատկի տոնին ընդառաջ՝ ապրիլի 20-ին էր այցելել Թբիլիսիից 60 կմ հարավարևելյան ուղղությամբ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջիի համալիր, որը Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանը բաժանում է երկու մասի:
Այցի շրջանակներում, վրաց սահմանապահների հետ հանդիպումից հետո Վրաստանի նախագահը հայտարարեց, որ սահմանների դեմարկացիայի հարցը «այլևս չի համբերում» և շտապ պետք է լուծել:
Իսկ վանք համալիր այցի ժամանակ նա հայտարարել է, որ վանքի վերանորոգումն անմիջապես պետք է սկսել:
«Անհրաժեշտ է շատ արագ սկսել այս կառույցի վերանորոգումը: Հենց դրա համար է այն «Եվրոպա Նոստրա»-ի ցուցակում, որպես վտանգի տակ գտնվող հուշարձան: Պետք է այդ գործը հրատապ անել», — ասել է Վրաստանի նախագահը:
Նույն օրը երեկոյան արդեն ադրբեջանական լրատվամիջոցների համար Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ կառավարությունը մշտապես օրակարգում է պահել սահմանազատման հարցը և այժմ էլ պատրաստ է ներգրավվել այդ գործընթացին:
Եվ վերջում, նշենք, որ ապրիլի 26-ին արդեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարեց, որ Դավիթ Գարեջիի վանք տանող ճանապարհի հարցը լուծված է և այն այժմ բաց է:
Հիշեցնենք, որ Դավիթ Գարեջիի մենաստանի արքեպիսկոպոս Կիրիոնի տեղեկատվությամբ 3 օր շարունակ ադրբեջանցիները փակ են պահում անապատի վանքը և հոգևորականներին ներս չեն թողնում: