Ովքեր կարող են օգտվել մեքենաների տեղաշարժի իրավունքից

Վրաստանի շրջաններում, որտեղ բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ, հնարավոր է օրվա ընթացքում 3 ժամ մեքենա վարելու թույլտվություն ստանալ: Այս մասին ասել է վարչապետի խոսնակ Իրակլի Չիքովանին՝ համակարգող խորհրդի նիստից հետո:

Բացառության կարգով՝ քաղաքացիները, քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությամբ, առավոտյան 06:00-ից մինչև 08:00-ն և 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մեքենաներով իրականացնել տեղաշարժ:

Չիքովանիի խոսքով՝ թույլտվությունները կտան համապատասխան քաղաքապետարանները և նրանք էլ պատասխանատու են իրականացման համար:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ թեև Վրաստանի կառավարության որոշման համաձայն երկրում մեքենաների տեղաշարժի սահմանափակումը կշարունակվի մինչև ապրիլի 27-ը, այնուամենայնիվ, Վրաստանի շրջաններում տրանսպորտային միջոցների տեղաշարժի որոշակի փոփոխություն կա: