Ովքեր են նախագահի ներկայացուցիչները «Գործակալների մասին» օրենքի քննարկման ընթացքում

Սահմանադրական դատարանում «գործակալների մասին» օրենքին առնչվող սահմանադրական հայցի քննարկման ընթացքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացուցիչներն են Էկա Բեսելիան, Կախի Սամխարաձեն, Զուրաբ Մաճարաձեն և Գիորգի Բուրջանաձեն։

Նիստից առաջ Էկա Բեսելիան լրագրողներին ասել է, որ այդ հայցի քննարկումը դատարանի համար հերթական և գուցե ամենամեծ փորձությունն է։

«Այս որոշումն ու այս գործը վճռում են երկրի ժողովրդավարական, եվրոպական ու արդար ապագայի հարցը։ Սա պետք է բոլորը լավ հասկանան։ Երբեք ոչ մի օրենք այսքան բողոքի տեղիք չի տվել. մեր քաղաքացիները գիտակցում են, որ օրենքը սպառնում է Վրաստանի եվրոպական ապագային»,- ասել է Էկա Բեսելիան։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում ընթանում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի կասեցման և չեղյալ հայտարարման պահանջով հայցի քննարկումը։