Վրաստանում առաջիկա` հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ընտրողների շրջանում մի շարք հարցեր են ծագում։ Այն քաղաքացիները, որ ունեն ընտրական իրավունք, սակայն ընտրությունների օրը չեն կարող ընտրատարածք այցելել, հնարավորություն ունեն դիմելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), որպեսզի ընտրություն կատարեն շրջիկ քվեատուփի միջոցով։
«Ալիք Մեդիա»-ի ԿԸՀ-ից պահանջած տեղեկության հիման վրա շրջիկ քվեատուփի միջոցով քվեարկելու համար ընտրողը պետք է դիմի առնվազն 11 օր շուտ։
«Շրջիկ քվեատուփի ցուցակը կազմվում է ընտրողների միասնական և հատուկ ցուցակների հիման վրա: Քվեարկության օրն ընտրատարածք ներկայանալու անհնարինության դեպքում ընտրողը պետք է դիմի տեղամասային ընտրական հանձնաժողով՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 11-րդ օրը շրջիկ քվեատուփի միջոցով քվեարկելու խնդրանքով։
Ընտրողների միասնական ցուցակում կամ հատուկ ցուցակում նշվում է, որ ընտրողը տեղափոխվել է շրջիկ քվեատուփի ցուցակ, որը հաստատվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով», — հայտնել է ԿԸՀ-ն։
Հատկանշական է, որ չնայած ընտրություններն սկսվում են ժամը 08։00-ին, շրջիկ քվեատուփի միջոցով քվեարկությունը մեկնարկում է ժամը 09:00-ից և ավարտվում 19:00-ին: Շրջիկ քվեատուփը պետք է ընտրատեղամաս վերադարձվի ժամը 20:00-ից ոչ ուշ։
Ընտրատեղամասում քվեարկության և ընտրողների մակնշման հետ կապված բոլոր ընթացակարգերը վերաբերում են շարժական քվեատուփի միջոցով քվեարկության գործընթացին։
Չնայած դրան, բազմաթիվ ընտրողներ բողոքում են, քանի որ ընտրատարածքում բնակվող ընտրողների միայն 3 տոկոսը կարող է ընտրել շրջիկ քվեատուփի միջոցով, ինչը, շատերի կարծիքով, անհամապատասխան սահմանափակում է, քանի որ ընտրատեղամասեր կան, որտեղ ավելի շատ մարդիկ ունեն շրջիկ տուփով ընտրության կարիք․
«Օրինակ, մեզ մոտ հիմնականում տարեց մարդիկ են ապրում, նրանք դժվարությամբ են տեղաշարժվում, և նրանց առավելագույնս անհրաժեշտ է այդ շրջիկ տուփը», — ասել է ընտրող Լիլի Փիցխելաուրին։
Չնայած որոշ ընտրողների բողոքին, Վրաստանի ընտրական օրենսգրքով ամրագրված 3 տոկոսանոց սահմանափակման վերաբերյալ փոփոխություն այս ընտրություններին շրջանում չի կատարվել։ ԿԸՀ-ից փոխանցել են, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարկավոր է հարմարեցնել ընտրատարածքը, որպեսզի շրջիկ քվեատուփից օգտվեն միայն այն անձինք, ում ամենաշատն է անհրաժեշտ այդ ընդառաջումը։
Շրջիկ քվեատուփի միջոցով կարող են քվեարկել նրանք`
- ովքեր առողջական վիճակի պատճառով չեն կարող գնալ ընտրատեղամաս,
- ովքեր գտնվում են ընտրական տեղամասի տարածքում, բայց դժվարամատչելի վայրում,
- ովքեր բուժվում են հիվանդանոցում կամ ստացիոնար բուժման այլ հաստատությունում, և այնտեղ ընտրատեղամաս չի բացվել,
- ովքեր ծառայում են ընտրատեղամասից հեռու գտնվող պետական սահմանի զորամասում կամ սահմանային ոստիկանության զորամասում,
- ովքեր գտնվում են կալանքի տակ` ներառյալ վարչական կալանքը,
- ովքեր զինվորական են ՊՆ կամ ՆԳՆ հատուկ վարչություններում, նաև նրանք, ովքեր աշխատանքային առանձնահատուկ պայմանների կամ առողջական վիճակի պատճառով ընտրությունների օրը չեն կարող լքել իրենց աշխատավայրը։
Դիտորդի լիազորությունները վերաբերում են նաև շրջիկ քվեատուփին։