Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Սահմանադրական դատարանում պաշտպանելու են «Վրացական երազանք» կուսակցության նախկին պատգամավոր Թամար Չուգոշվիլին և Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլին։ Այս տեղեկությունը տարածվել է նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Իմ լիակատար վստահությունն եմ հայտնում Սահմանադրական դատարանում երկու ներկայացուցիչներիս՝ Թամար Չուգոշվիլիին և Մայա Կոպալեիշվիլիին»,- գրված է հաղորդագրության մեջ։
Մի քանի շաբաթ առաջ «Վրացական երազանքը» սկսել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի ընթացակարգը։ Ինչպես պարզաբանել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն խախտել է Վրաստանի սահմանադրությունը և արտասահմանյան երկրներ է այցելել առանց կառավարության համաձայնության։
Վրաստանի նախագահի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել են խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավորներ (պահանջվում էր առնվազն 50 պատգամավորի համաձայնություն)։