Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին սոցցանցերում տեսանյութ է տարածել և նշել, որ դա հունիսի 1-ին ՄԱՇ կուսակցության գրասենյակի վրա հարձակման գիշերն արված տեսահսկման խցիկների տեսագրությունն է: ՄԱՇ-ի ղեկավարը գրել է, որ հարձակվողները տասնյակ մեքենաներով լքել են տարածքը, և նրանց ուղեկցել է պարեկային ոստիկանության բրիգադը:
«ՄԱՇ-ի գրասենյակի վրա հարձակվողները՝ հարձակումից 2 րոպե անց «Իդեալի» կայանատեղիից տասնյակ մեքենաներով լքել են դեպքի վայրը: Տեսանյութում պարզ երևում է պարեկային ոստիկանության բրիգադը, որը, նախ, թույլ է տալիս «ավազակների» մեքենաների ազատ տեղաշարժը և միայն դրանից հետո գնում է դեպի ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակ, որտեղից խմբակային հարձակման մասին հաղորդագրություն է ստացվել։
4-րդ օրն է արդեն, և 100 հոգուց գեթ մեկը ձերբակալված չէ։ Հհենց Գոմեալուրիի (ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրի — հեղ.) գերատեսչությունն է բաց թողել, հետևաբար՝ հասկանալի է, որ ոչինչ չի հետաքննվի»,- գրել է Խաբեիշվիլին։
Ի դեպ, հունիսի 1-ի գիշերը մի քանի տասնյակ մարդ հարձակվել է ՄԱՇ-ի կենտրոնական գրասենյակի վրա։ Նրանք կոտրել են գրասենյակի ապակիներն ու վնասել կուսակցական տեխնիկան: Հարձակվողները փորձել են ներխուժել նաև գրասենյակ, սակայն չի հաջողվել։ Նրանք գրասենյակի վրա հարձակվել են մեծ փայտե մահակներով, նաև քարեր են նետել։
Հարձակման ժամանակ գրասենյակում են եղել աշխատակիցները, այդ թվում՝ Լևան Խաբեիշվիլին և նրա անչափահաս երեխան:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել ուրիշի գույքին վնաս պատճառելու հոդվածով։