
Ապրիլի 21-ին` այն բանից հետո, երբ ցուցարարները փակել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, ոստիկանները բռնի ուժով հեռացրել են նրանց և բացել ճանապարհը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ ցույցի ժամանակ երեք ցուցարար է ձերբակալվել։
Այսօր ժամը 12:00-ից բողոքի ակցիայի մասնակիցները բողոքում են Սուրբ Զատկի գիշերը՝ ապրիլի 20-ին, նույն վայրում ցուցարարներին ձերբակալելու դեմ։
Ավելի ուշ՝ ժամը 13։40-ի սահմաններում, նրանք մտել են ճանապարհի երթևեկելի հատված։ Ժամը 14:13-ին ոստիկանության աշխատակիցները մոտեցել են նրանց և ասել, որ դուրս գան ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ հետո ժամը 14:14-ին սկսել են ցուցարարներին ուժով հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից։
Ձերբակալված երեք ցուցարարի տարել են ոստիկանական մեքենաներով։ Խորհրդարանի հարակից մայթին միակողմանի ոստիկանական շղթա է ստեղծվել։
Սուրբ Զատկի գիշերը Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի մոտ, ոստիկանները վարչական կարգով բերման են ենթարկել Միխեիլ Սամխարաձեին և Գիորգի Օրթոիձեին։ Երկուսն էլ մինչ այժմ կալանավորված են։
Այսօրվա բողոքի ցույցն անցկացվում է ի պաշտպանություն երեկ ձերբակալված ցուցարարների։