Դեկտեմբերի 2-ին առավոտյան ժամը 07:00-ին ոստիկանները ցրել են Թբիլիսիի կենտրոնում ընթացող խաղաղ ցույցը, դաժանորեն հարձակվել ցուցարարների վրա, բերման ենթարկել շատերին:
Ոստիկանները ցուցարարներին հետապնդել են մետրոյի կայարաններում, խանութներում և դեղատներում:
Հատուկջոկատայինները հարձակվել են նաև Ճավճավաձեի պողոտայի ցույցի մասնակիցներ վրա, ձերբակալել են «Կոալիցիա փոփոխություններ համար»-ի առաջնորդ, Գիրչի — առավել ազատություն» կուսակցության հիմնադիր Զուրաբ Ջափարիձեին:
Այս պահին Ճավճավաձեի պողոտայում ներկա են միայն պարեկային ոստիկանության աշխատակիցներն ու հանրահավաքի մի քանի մասնակից։ Վերականգնվել է նաև երթևեկությունը։
Եվրոպամետ և հակակառավարական զանգվածային ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 28-ին. այդ օրը պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է անդամակցել Եվրամիությանը։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվեցին և՛ Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, և՛ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութաիսիում, Գորիում։
Կոբախիձեի հայտարարությանը հաջորդեց «Վրացական երազանք»-ի գրասենյակի մոտ ինքնաբուխ ակցիա, որը հետագայում վերածվեց բազմահազարանոց ցույցի և ցրվեց հատուկջոկատայինների ուժերով, իսկ նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան նրանք դաժանորեն հարձակվեցին Ռուսթավելիի պողոտայում մնացած սակավաթիվ ցուցարարների վրա։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել «Վրացական երազանք»-ի որոշմանը։