Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ իրենց թիմը խորապես հավատում է, որ Եվրամիությանն անդամակցությունը հնարավոր չէ արժանապատվությունն ու անկախությունը զիջելու գնով, ստրկական կեցվածքով և մեկ ոտքի վրա կանգնելու հաշվին, այլ հնարավոր է միայն արժանապատվության ու անկախության պահպանմամբ:
Կոբախիձեն նշել է՝ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծն առանց ընդունման ավելի մեծ արդյունքների բերեց, քան կարող էր բերել անգամ ընդունմամբ։ Ըստ նրա՝ օրենքի նախագիծը, որի միակ նպատակը հասարակական կազմակերպությունների թափանցիկության ապահովումն էր, առանց ուժի մեջ մտնելու էլ դարձավ իրական գործակալների լյուստրացիայի ամենակարևոր գործիքը։
Կոբախիձեն նաև ասել է, որ անցած շաբաթվա ընթացքում (ցույցերի ժամանակ- խմբ.) զարգացած գործընթացները հերթական անգամ ցույց տվեցին հավաքական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) գործակալների՝ «գլոբալ պատերազմի կուսակցության» իրական դեմքը։ Նրա խոսքով, այս գործընթացները ևս մեկ անգամ հիշեցրին, որ ՄԱՇ-ը համարժեք է բռնությանը։
«Անգամ նախկին իշխանության օրոք հասարակությունը հիշում է հատուկ նշանակության ջոկատի ու ցուցարարների առճակատման օրինակները։ Մինչև 2012 թվականը հատուկ ջոկատայինները բռնություն էին գործադրում ցուցարարների նկատմամբ, իսկ այժմ ցուցարարներն են բռնություն գործադրում հատուկ ջոկատայինների նկատմամբ։ Սա ունի միակ տրամաբանական բացատրությունը՝ մինչև 2012 թվականը բռնի հատուկ նշանակության ջոկատների թիկունքում կանգնած էր ՄԱՇ-ը, իսկ հիմա ՄԱՇ-ը կանգնած էր բռնի ակցիայի մասնակիցների թիկունքում»,- ասել է Կոբախիձեն:
Նրա խոսքով, որտեղ ՄԱՇ-ն է, այնտեղ բռնություն կա՝ լինի իշխանության, թե ընդդիմության շարքում: Նրա պնդմամբ՝ անցած շաբաթ իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց իր «մարդասիրական դեմքը»:
Նշենք, որ մարտի 7-8-9-ին Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալու համար: Բողոքի ակցիաներ էին ընթանում նաև Վրաստանի տարբեր մարզերում և քաղաքներում: Ցուցարարներն օրենքի նախագիծն անվանում էին «ռուսական օրենք» և իշխանություններից պահանջում հետ կանչել օրինագիծը:
Ի վերջո, հանրային ճնշումների ներքո իշխանությունները հետ կանչեցին օրենքի նախագիծն ու քվեարկությամբ տապալեցին: Սրան նախորդել էին ցուցարարների վրա հատուկջոկատայինների կողմից տարբեր տեսակի անհամաչափ գործողություններ, մասնավորապես՝ ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ և արցունքաբեր գազ: