Ոռոգման ջրի հարցը մունիցիպալիտետում. որ փուլում է քաղաքապետի խոստումը

Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովը 2021 թվականի քաղաքապետարանի մունիցիպալ մարմնի ընտրություններից առաջ տեղի բնակչությանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը շրջանում ոռոգման ջրով ապահովված տարածքը կավելանա մինչև 19 հազար 348 հեկտար։ Այս մասին կարդում ենք նախընտրական շրջանում «Վրացական երազանքի» կայքում հրապարակված Մառնեուլիի նախընտրական ծրագրում:

Նշենք, որ 2022-2023 թվականներին Մառնեուլիի քաղաքապետարանն այս ուղղությամբ ընդհանուր առմամբ հայտարարել է 15 մրցույթ, որից այս փուլում կատարվել է ընդամենը 5 պայմանագիր (ընդհանուր արժեքը՝ 1 մլն 133 հազար 365 լարի 34 թեթրի). (NAT210021377- Մառնեուլիի մունիցիպալիտետի Թամարիսի գյուղի ոռոգման ջրանցքի վերականգնողական աշխատանքների գնում, NAT 220003513 — Մառնեուլի քաղաքի Սամեդ Վուրղունի փողոցում առկա ոռոգման ջրանցքների վերականգնողական աշխատանքներ, NAT220007042 — Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերեթելի գյուղում գործող ոռոգման ջրանցքի վերականգնման աշխատանքների գնում, NAT220022916 — Ոռոգման ջրի ցանցի տեղադրման աշխատանքների գնում Մառնեուլիի մունիցիպալիտետի Դիդի Մուղանլո գյուղում, NAT230009403 — Մառնեուլիի մունիցիպալիտետի Թամարիսի գյուղում՝ մարզասրահին կից գործող ոռոգման ջրանցքի վերականգնողական աշխատանքների գնում): Մնացած 10 մրցույթները բաշխվում են հետևյալ կերպ՝ 7-ը չի կայացել, 2-ն ավարտվել է բացասական արդյունքով, իսկ 1 մրցույթի շրջանակներում հաղթել է Ա/Ձ Թեիմուրազի Քվարիանին (անձնական համար՝ 62502019069), սակայն պայմանագրի կնքումից (28.12.2022) երկու ամիս անց՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը երկարաձգվեց, իսկ ավելի ուշ՝ 2023 թվականի մայիսի 25-ին, Մառնեուլիի քաղաքապետը պայմանագիրը խզելու հրաման է տվել։ Այս պահին կատարողին վճարվել է պայմանագրի ընդհանուր արժեքի (85 հազար 310 լարի 68 թեթրի) միայն 7 տոկոսը (5805 լարի 60 թեթի)։

Հատկանշական է, որ տեղի բնակիչները գոհ չեն Մառնեուլիի գյուղերի ներկայիս վիճակից և դժգոհում են ոռոգման ջրի բացակայությունից։

«Գյուղում ունենք մի մեծ ջրանցք, որում ոռոգման ջուր է հոսում, վաղուց կա, բայց ամռանը, երբ ոռոգման համար մեզ ամենաշատն է պետք այդ ջուրը, չունենք։ Այստեղ մեր բնակչության մեծ մասը գյուղատնտեսության հետևից է գնում, դա նրանց եկամտի հիմնական աղբյուրն է։ Կարծում եմ, որ ոռոգման ջրի հարցը բավականին խնդրահարույց է և պետք է լուծվի»,- ասում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Կարմիրգյուղի բնակիչ Գարիկ Գասպարյանը։

Նման պատասխան ենք լսում նաև Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղում։ «Խորհրդային Միության փլուզումից հետո Շահումյանին ոռոգման ջուր սովորաբար չէր մատակարարվում, ջրանցքները վերականգնման կարիք ունեին, այս խնդիրը խիստ նկատելի էր։ Չեմ կարող ասել, որ բնակչության մեծ մասը, բայց, այնուամենայնիվ, նրանցից ոմանք դեռ գյուղատնտեսությամբ են զբաղվում, արտեր ունեն՝ արևածաղկի, եգիպտացորենի, ցորեն են աճեցնում, բայց ջուր չկար, նորմալ ոռոգել չէին կարողանում, իսկ արտերը չորանում էին։ Վերջերս որոշ քայլեր արվել են, ջրանցք են կառուցել, ոռոգման ջուր են բերել, բայց էլի չի բավականացնում, շատ տնտեսություններ են տառապում ոռոգման ջրի պակասից, հատկապես՝ ամռանը»,- ասում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղից Ա.Մ-ն:

Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագծում բյուջետային հատկացումների մասով նախատեսված է ոռոգման ջրանցքների և ամբարտակային կառույցների կազմակերպում և վերականգնում, ինչի համար տեղական բյուջեից հատկացվել է 200 հազար լարի: Մառնեուլիի մունիցիպալիտետի 2024 թվականի բյուջեի նախագծում նշված է, որ մունիցիպալիտետի հաշվեկշռում առկա ոռոգման ջրի հայտնաբերում-պահպանում կիրականացվի և 2026-27 թվականներին նախատեսված է մունիցիպալիտետի տարածքում ջրանցքների վերականգնումը: Սակայն տեղեկություն այն մասին, թե քանի հեկտարի համար է նախատեսվում ավելացնել ոռոգման ջուրը, ոչ մի տեղ չենք կարող կարդալ։

Աղբյուրն՝ այստեղ:

Հանրայնացված փաստաթղթերից հնարավոր չէ հաշվել, թե խոստման որ մասն է կատարվել այս փուլում, քանի որ պետական ​​գնումների գործակալության կայքում տեղադրված նյութերում հստակ նշված չէ, թե որ մրցույթի շրջանակներում, ինչ տարածք է ապահովվել ոռոգման ջրով: Հարցի շուրջ «Ալիք Մեդիա»-ն փորձեց լրացուցիչ տեղեկություն ստանալ Մառնեուլիի քաղաքապետարանից։ Ցավոք, հանրային տեղեկատվության հարցման վերաբերյալ մեր նամակը մինչ օրս մնացել է անպատասխան՝ չնայած օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտին։ Այս փուլում կարող ենք միայն ասել, որ Մառնեուլիի քաղաքապետը որոշակի քայլեր է ձեռնարկել իր նախընտրական խոստումը կատարելու համար, սակայն հնարավոր չէ գնահատել, թե այս գործընթացը ինչ փուլում է, և ընտրություններից առաջ հայտարարված թվի որ մասն է կատարվել։

«ԱլիքՄեդիա»-ն կշարունակի հետևել խոստման կատարման ընթացքին՝ առաջիկայում խնդրի վերաբերյալ թարմացված տեղեկատվություն տրամադրելով։