Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների սոցիալական և տնտեսական կյանքում ներգրավման խնդիրը դեռևս լուծված չէ: Սոցիալական և տնտեսական կյանքում էթնիկ փոքրամասնությունների ընդգրկման հիմնական խոչընդոտը վրացերենի չիմացությունն է, փոքրամասնությունների լեզուներով համապատասխան ծառայությունների ու տեղեկատվության և տնտեսական ռեսուրսների բացակայությունը: Այդ մասին նշված է 2024 թվականի հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի (FCNM) հրապարակած Վրաստանի վերաբերյալ չորրորդ զեկույցում։
Զեկույցում (վրացերեն տարբերակը հրապարակել է «Սոցիալական արդարության կենտրոն»-ը (SJC)), որը մանրամասնորեն ուսումնասիրում է Վրաստանում առկա իրավիճակն էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով չորրորդ գնահատման շրջանում (2019-2023 թթ.), նշված է, որ վերը թվարկված խոչընդոտները փոքրամասնությունների համար խնդիրներ են ստեղծում նաև ծառայություններից օգտվելու հարցում: Ընդ որում՝ գյուղատնտեսական հողերի վերափոխման խնդիրը հատկապես սուր է Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում։
Զեկույցում նշված է, որ համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով առողջապահական ծառայությունների հասանելիությունը նույնպես խնդրահարույց է Սամցխե-Ջավախեթիում և Պանկիսիի հովտում: Աջարիայում և Մառնեուլիում բնակվող կանանց մեծ մասը բժշկական օգնության է դիմում միայն այն ժամանակ, երբ ցավն անտանելի է դառնում։
SJC-ի «Հավասարության ծրագրի» համակարգող, հետազոտող Լևան Տալախաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում, անդրադառնալով FCNM-ի զեկույցի այս դրույթին, առանձնացրեց երկու կարևոր գործոն, ըստ որոնց էլ՝ էթնիկ փոքրամասնություննները քիչ են ներգրավված սոցիալ-տնտեսական կյանքում:
Լևան Տալախաձեի խոսքով, առաջինը պետական լեզվի չիմացությունն է, երկրորդը՝ տեղական և/կամ կենտրոնական իշխանությունը պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին տեղեկատվություն չի տրամադրում իրենց հասանելի լեզվով:
«Առաջին հերթին պետք է էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների նախակրթարաններում և դպրոցներում լուծվի պետական լեզվի դասավանդման խնդիրը, գրքերի հասանելիության խնդիրը. այս իրավիճակի հիմնական պատճառներից մեկը հենց դրանց բացակայությունն է: Երկրորդը՝ տեղական և/կենտրոնական իշխանությունները պետք է հոգան, որ էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների բնակչությունը ցանկացած տեղեկություն ստանա իր մայրենի լեզվով, ինչը կակտիվացնի նրանց ներգրավվածությունը ցանկացած բնագավառում»,- ասաց Լևան Տալախաձեն և հավելեց՝ շատ դեպքերում երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին էթնիկ փոքրամասնությունները տեղեկություն են ստանում հարևան երկրներից՝ իրենց հասանելի լեզվով, ինչը, ըստ մեր զրուցակցի՝ ևս խնդիր է:
Նա ընդգծեց FCNM-ի զեկույցի դրույթներից մեկի կարևորությունն ու նշեց՝ անհրաժեշտ է, որ պետությունը հոգա էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջանների պետական կառույցներում հենց այս բնակչության մայրենի լեզվով ծառայությունների մատուցումը, քանի որ նրանք, ինչ-ինչ պայմաններից ելնելով, չեն տիրապետում պետական լեզվին:
Տալախաձեի խոսքով՝ կարևոր է, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին պետական ծառայությունների մասին ցանկացած տեղեկություն հասանելի լինի հենց մայրենի լեզվով, բնակչությունը կարողանա իր մայրենի լեզվով դիմումներ գրել, ստանալ դրանց պատասխանները և այլն:
Տալախաձեն համամիտ է նաև FCNM-ի զեկույցի այն պահանջին, որ պետական կառույցների պաշտոնական էջերը պետք է թարգմանված լինեն էթնիկ փոքրամասնությունների լեզուներով: Նրա խոսքով, հենց այս ամենի բացակայությունն ուղղակիորեն առնչվում է այն իրողության հետ, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները քիչ են ներգրավված սոցիալ-տնտեսական կյանքում:
Ընդգծենք՝ կոմիտեն զեկույցում կրկնել է, որ սոցիալական և տնտեսական կյանքում հավասար մասնակցությունը չպետք է սահմանափակվի շուկաներ և ծառայություններ հավասար հասանելիությամբ: Արդյունավետ մասնակցությունը վերաբերում է պետության կողմից սոցիալական և տնտեսական կյանքում էթնիկ փոքրամասնությունների հավասար մասնակցության խթանմանը: Հաշվի առնելով, որ էթնիկ փոքրամասնությունները հաճախ գտնվում են սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակում, պետությունները պետք է հատուկ միջոցներ ձեռնարկեն՝ մեծացնելու համար էթնիկ փոքրամասնությունների անդամների սոցիալական և տնտեսական կյանքին մասնակցելու հնարավորությունը:
Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների իրավական վիճակը մտահոգիչ է․ FCNM