Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն խոսել է խորհրդարանական մեծամասնության այն պատգամավորների մասին, որոնք չեն պաշտպանել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը։
Կոբախիձեն նաև պատասխանել է այն հարցին, թե` իշխող խմբակցությունից քանի պատգամավորի հեռանալն է հավանական:
«Եթե ինչ-որ տեղափոխություն լինի, ապա կլինի թիմի ներսում, ոչ թե թիմից դուրս։ Եթե թիմի ներսում ինչ-որ տեղաշարժ լինի, կտեղեկացնենք հասարակությանը։ Մի քանի պատգամավորներ, մեր գործընկերները, ընկերները չպաշտպանեցին այս օրինագիծն իրենց դեմ իրականացված ֆաշիստական արշավի պատճառով:
Մենք բոլորս էլ կարող ենք ինչ-որ կերպ հաղթահարել ֆաշիստական ճնշումները մեզ վրա, բայց երբ խոսքը ձեր փոքրիկ երեխային է վերաբերում, հեշտ չէ հաղթահարել նման ճնշումը: Պատկերացրեք` 8 տարեկան երեխա կա, դպրոցի աշակերտ է, ու նրա ուսուցիչը ֆեյսբուքում գրում է, որ երեխայի ծնողը դավաճան է։ Պատկերացրեք ֆաշիզմի աստիճանը. սա լիբերալ ֆաշիզմ է»,- ասել է Կոբախիձեն։
Խորհրդարանական մեծամասնությունը պահպանելու համար «Վրացական երազանքին» անհրաժեշտ է առնվազն 76 պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնությունը ներկայումս բաղկացած է 83 պատգամավորից և ընդգրկում է «Վրացական երազանք» խմբակցության 74 պատգամավորի ու «Ժողովրդի ուժը» շարժման խմբակցությունից 9 պատգամավորի։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի 76 պատգամավորներ առաջին ընթերցման ժամանակ աջակցել են «ռուսական օրենքի» նախագծին, որի նպատակն է վարկաբեկել և սահմանափակել երկրում ԶԼՄ-ների ու քաղաքացիական սեկտորի գործունեությունը։ Վրաստանի արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը, օրենքը համարում են Վրաստանի արևմտյան ինտեգրման խոչընդոտ։
Ըստ քվեարկության արդյունքների՝ «Վրացական երազանքի» չորս պատգամավորներ ձեռնպահ են մնացել «ռուսական օրենքին» աջակցելուց։ Չորսն էլ ներկա են եղել նիստին, բայց չեն մասնակցել քվեարկությանը։
Այդ պատգամավորներն են՝ Դավիթ Սերգեենկոն, Վլադիմիր Չաչիբաիան, Քեթևան Դումբաձեն, Իրակլի Մեձմարիաշվիլին:
Սակայն, ավելի ուշ Post TV-ն տեղեկություն է տարածել, որտեղ և՛ Իրակլի Մեձմարիաշվիլին, և՛ Քեթևան Դումբաձեն պնդել են, որ իրենք իրականում աջակցել են օրինագծին, և որ կատարվածը տեխնիկական սխալի հետևանք է։
Քվեարկությանը չեն ներկայացել նաև մեծամասնության 3 պատգամավորներ՝ Նինո Իոբաշվիլին, Իրակլի Կովզանաձեն և Էլգուջա Գոցիրիձեն։
Հենց սրանից հետո մամուլում տեղեկություն տարածվեց, որ օրենքի նախագծին չսատարած պատգամավորները պատրաստվում են լքել մեծամասնությանը, իսկ «Վրացական երազանքի» ղեկավարը խնդրում է` մեծամասնության շարքերից դուրս գալու դեպքում հրաժարվել մանդատից։
Մդինարաձեն հերքել է որոշ պատգամավորների՝ «Վրացական երազանքը» լքելու մասին լուրը