Ազգային ժողովրդավարության ինստիտուտի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (NDI/CRRC) հետազոտության համաձայն՝ երկրում աղքատության և հանցավորության ընկալումները զգալիորեն վատթարացել են։
Մասնավորապես, հարցվածների 75%-ը կարծում է, որ վերջին 10 տարում աղքատության մակարդակը խորացել է, 58%-ի կարծիքով էլ աճել է հանցագործությունների թիվը։
Ըստ NDI-ի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ընտրողների 51 տոկոսի կարծիքով է աղքատության մակարդակը խորացել, մինչդեռ ընդդմիադիր ուժերի համակիրների 88 տոկոսն է այդ կարծիքին։
Ըստ հարցվածների՝ վիճակը վատացել է նաև կրթության (51%), կոռուպցիայի (44%) և դատական համակարգի ոլորտներում։
Հարցվածներն առանձնացնում են երկու ոլորտ, որտեղ իրավիճակը բարելավվել է.
- մատչելի բժշկական օգնությունը (37%-ը կարծում է, որ այն բարելավվել է, 36%-ը՝ հակառակ կարծիքին է),
- խոսքի ազատությունը (40%-ի համար իրավիճակը փոխվել է դեպի լավը, 27%-ի համար՝ վատթարացել է):
Տարածքային ամբողջականությունն այն տիրույթն է, որտեղ հարցվածների մեծ մասը կարծում է, որ իրավիճակը չի փոխվել: Հարցվածների 41%-ը կարծում է, որ ոչինչ չի փոխվել, 53%-ի կարծիքով էլ տարածքային ամբողջականության առումով իրավիճակը 10 տարի առաջվա համեմատ վատթարացել է։
Հարցման համաձայն՝ աղքատությունը, գնաճը և աշխատատեղերի բացակայությունը երկրի կարևորագույն խնդիրներից են։
Աղքատությունը և գնաճը հարցվածների 32%-ի կողմից անվանվել է որպես իր և իր ընտանիքի համար կարևորագույն խնդիր։
Բնակչության կարծիքով երկրում ամենասուր տնտեսական խնդիրներն են․
- գործազրկությունը՝ 49%,
- գնաճ՝ 42%,
- աղքատություն՝ 23%,
- ցածր աշխատավարձ՝ 21%,
- լարիի արժեզրկում՝ 14%։
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերի 7-13-ը՝ Վրաստանի ողջ տարածքում: Հեռախոսային հարցմանը մասնակցել է 2099 չափահաս բնակիչ:
Հարցման միջին սխալի սահմանը +/- 1,4 տոկոս է։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով։