Վրաստանի խորհրդարանի դիմաց այսօր՝ ապրիլի 25-ին, ընդդեմ «ռուսական օրենքի» անցկացված բողոքի ակցիային հաջորդում է երթ դեպի Արտաքին գործերի նախարարության շենք։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը։
Խորհրդարանի մոտ հավաքված են երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղհասարակությունը։
Նախագահի կողմից ներում շնորհված 21-ամյա Լազարե Գրիգորիադիսը, որը մեղադրվում էր մարտյան ցույցերի ժամանակ ոստիկաններին ֆիզիկական վնասվածքներ հասցնելու և պետական գույքը ոչնչացնելու համար, խորհրդարանի դիմաց էր՝ մասնակցում էր ցույցին։
Ի դեպ, «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», «Վրացական երազանքը» խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային ցույցերի և միջազգային քննադատության հետևանքով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված էր հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից` խոստանալով չվերադառնալ նախագծին։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն ապրիլի 15-ին պաշտպանել է «գործակալների օրենքը», իսկ ապրիլի 17-ին` խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ։
Ապրիլի 15-ից հետո Թբիլիսիում հանրահավաքներ են ընթանում։ Քաղաքացիներն ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։
Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։