Այսօր՝ ժամը 19:00-ին, Վրաստանի խորհրդարանի մոտ «Ո՛չ ռուսական օրենքին. դուրս եկեք պաշտպանելու ձեր արժանապատվությունը» խորագրով հանրահավաք տեղի կունենա:
«Երեկ Վրաստանի խորհրդարանում դավաճան «մեծամասնությունը» առաջին ընթերցմամբ պաշտպանեց ռուսական օրենքը: Օրենք, որը մեզ կզրկի եվրատլանտյան ապագայից։ Դավաճան իշխանությունը անհամաչափ ուժ կիրառեց զայրացած քաղաքացիների նկատմամբ, խաղաղ ցույցը շարունակվեց մինչև առավոտ։ Մենք շարունակում ենք բողոքի ակցիան։ Ժամը 7-ին Խորհրդարանի դիմաց եկեք և պաշտպանեք Վրաստանի Սահմանադրությունը և վրաց ժողովրդի արժանապատվությունը»,- նշված է կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ ժամը 15:00-ից արդեն քաղաքացիները կսկսեն հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։
Մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանի տարածքում լարված իրավիճակ էր ողջ օրվա ընթացքում: Ցուցարարների ուղղությամբ մոբիլիզացված հատուկջոկատայինները կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ: Քաղաքացիական հասարակության բողոքի ակցիաները Թբիլիսիում վերսկսվել էին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանություն տալուց հետո:
Ստորև ամփոփ ներկայացնում ենք մարտի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցածը՝
«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին