![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/476346953_1047179174120786_1632331388045335482_n.jpg)
«Վրաստանը վճռորոշ քայլի առաջ է. մեր ընտրությունը կա՛մ ազատությունն է, կա՛մ ռուսական բռնապետությունը: Ո՛չ ռուսական բռնապետությանը». այս կարգախոսով փետրվարի 15-ի ժամը 18:00-ին Եվրոպայի հրապարակից եվրոպական ապագայով մտահոգ քաղաքացիները երթով շարժվելու են դեպի Ազատության հրապարակ։
Ըստ երթի կազմակերպիչների, այսօր Վրաստանի իշխանությունը ռուսական սցենարով ռեպրեսիաներ է իրականացնում՝ սահմանափակելով խոսքի ազատությունը, խստացնում է օրենսդրությունը, փորձում է երկիրը դնել Կրեմլի ազդեցության տակ։
Կազմակերպիչները պնդում են՝ եթե չբողոքեն, Վրաստանը կվերածվի պուտինյան Ռուսաստանի նման բռնապետության, որտեղ.
- Ձերբակալությունները և բռնաճնշումները կդառնան ամենօրյա երևույթ;
- Խոսքի ազատությունը կսահմանափակվի, իսկ լրատվամիջոցներն ամբողջությամբ կենթարկվեն ռեժիմին;
- Հավաքների և բողոքի ակցիաների իրավունք այլևս չի լինի;
- Երկիրն ի վերջո կառանձնանա Եվրոպայից և կհայտնվի Ռուսաստանի մութ ազդեցության տակ։
Նրանց խոսքով, այս պայքարը Վրաստանի գոյատևման համար է. «Եթե մենք հիմա չդադարեցնենք այս գործընթացը, վաղը շատ ուշ կլինի»: