Վրաստանի Ներքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում «Դրոա» և «Լելոն Վրաստանի համար» կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները «Ո՛չ ոստիկանությանը», «Ո՛չ բռնությանը» պաստառներով ու կոչերով ցույց են անցկացրել։
Ցուցարարների բողոքի պատճառը մետրոյի Իսանի կայարանում տեղի ունեցած միջադեպն է, երբ պարեկային ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական բռնության է ենթարկել հաշմանդամություն ունեցող անչափահասին։
Ըստ ցուցարարների՝ երկու ոստիկանների ձերբակալությամբ խնդիրը չի լուծվի։
«Սա համակարգային հանցագործություն է, մենք ունենք նման մի շարք փաստեր, սա «Վրացական երազանքի» իշխանության արձագանքն է, որը սխալ վերաբերմունք ունի մարդու իրավունքների նկատմամբ։ Համոզված եմ, որ ոստիկանները չէին պատժվի, եթե այս կադրերը չհրապարակվեին։ Համակարգում խնդիր կա, որը պետք է լուծվի, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն», — ասել է «Դրոա»-ի անդամ Թամթա Գոգոլաձեն:
Ըստ տեղեկությունների՝ ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, երբ ակցիայի մասնակիցները նախարարության հարևանությամբ՝ «Ո՛չ ոստիկանությանը» գրառումով կպչուն պիտակներ են փորձել կպցնել, ինչը պարեկային ոստիկանությունը թույլ չի տվել։
Նշենք, որ մետրոյում հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ձերբակալվել են երկու ոստիկաններ՝ Նուկրի Բաքրաձեն և Կախա Բակաշվիլին։