Ոչ մի ժողովրդավարություն կատարյալ չէ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և ԵՄ անդամակցության հասնելու համար Եվրոպական խորհրդի աջակցության կարևորությունը։

Ըստ հաղորդագրության, Վրաստանի նախագահն ընդգծել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության կարևորությունը` նշելով, որ ոչ մի ժողովրդավարություն կատարյալ չէ, և Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակին, հետևաբար` անհրաժեշտ է, որ եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանն էլ ավելի մեծ աջակցություն ստանա իր գործընկերներից:

«Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի եվրոպական հեռանկարին և 12 կետից բաղկացած հանձնարարականների կատարման խնդրին, որոնց վերաբերյալ ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հարկավոր է խորացնել Վրաստանի և Խորհրդի միջև ոլորտային համագործակցությունը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նախագահը նշել է, որ Վրաստանում ժողովրդավարության զարգացմանը խոչընդոտում է բևեռացումը, և այդ պատճառով ինքը՝ նախագահը, նախաձեռնել է ազգային համաձայնության գործընթաց։

«Մենք պետք է անպայման հաղթահարենք ու թուլացնենք բևեռացումը, քանի որ ցանկացած պահի դա կարող է օգտագործվել մեր դեմ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղարին Թբիլիսիի կանանց միջազգային համաժողովին մասնակցելու համար և հրավիրել է 2023 թվականին նախատեսված համաժողովին, որը հիմնադրվել է իր նախաձեռնությամբ և կանցկացվի Թբիլիսիում երկրորդ անգամ։