Ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ հայտարարեց սեփական ժողովրդին. նախագահ

Այսօր վերջակետը դրվեց մի քանի ամիս առաջ սկսված սահմանադրական հեղաշրջման. այսօր ավարտվեց Եվրոպայից դեպի Ռուսաստան մեկնարկած երթը, արձագանքելով  «Վրացական երազանք»-ի որոշմանը, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը, հայտարարեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ըստ նախագահի՝ նրանք, ովքեր նախկինում կասկածներ ունեին «Վրացական երազանք»-ի դիրքորոշման վերաբերյալ, այսօր այդ բոլոր կասկածները փարատվեցին:

«Այսօր այս ոչ լեգիտիմ իշխանությունը հայտարարել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ սեփական ժողովրդի, իր անցյալի ու ապագայի, մեր ապագայի դեմ, քանի որ այդ ճանապարհին չկա Վրաստանի պետականություն, չկա անկախություն, չկա ապագա, բացի Ռուսաստանից»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։

Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնվել «Վրացական երազանք»-ի որոշման հետ:

Թբիլիսում և շրջաններում ցույցեր են:

«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել