Վրաստանի ակադեմիական հանրությունը և երիտասարդները Թբիլիսիում նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույց են անցկացնում: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Հերթական բողոքի ցույցն ընթանում է Իլիայի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ։ Ուսանողներն ու դասախոսները հավաքվել են բարձրագույն ուսումնական հաստատության մոտ:
Իլիայի համալսարանի մոտ հավաքվածներն այժմ երթով շարժվում են դեպի Թբիլիսիի պետական համալսարան, որտեղից էլ միանալու են ժամը 21:00-ին խորհրդարանի մոտ նախատեսվող ցույցին: Նրանք վանկարկում են՝ «Ո՛չ կեղծված ընտրություններին»:
Ակադեմիական հանրությունը երիտասարդների հետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նոր ընտրություններ է պահանջում, բացի այդ՝ լիարժեք ազատություն տալ կրթական հաստատություններին, անօրինական կալանքից ազատ արձակել Մելիքիշվիլիի պողոտայից բերման ենթարկվածներին:
Նշենք, որ այսօր Թբիլիսիում նաև կանանց բողոքի ցույց է անցկացվել: