Ոչ կառավարակա՞ն, թե՞ կառավարական կազմակերպություններ

Վրաստանյան քաղաքական դաշտում քննարկման առիթ է դարձել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, ըստ որի՝ կառավարությունն «օտարերկյա պետության շահերը կրող կազմակերպությունների ռեեստրում» («գործակալների ռեեստր») գրանցված հասարակական կազմակերպությունների (ՀԿ) համար դրամաշնորհային ծրագիր կստեղծի: Ըստ վարչապետի՝ դրամաշնորհային ծրագիրը կլինի «վրաց ժողովրդի շահերը կրող ՀԿ-ների» համար:

Փորձագետների գնահատմամբ՝ իշխող «Վրացական երազանք»-ն ակնկալում է, որ վրացական ՀԿ-ները, որոնք իրենցից գումար կվերցնեն, քաղաքականապես հավատարիմ կլինեն իրենց և կկատարեն իրենց առաջադրանքները։ Փորձագետների խոսքով, «Վրացական երազանք»-ը լյուստրացիայի գործընթացը շարունակում է. փորձելու են վրաց ժողովրդի շրջանում կարծիք ձևավորել, թե կան Վրաստանի շահերը սպասարկող և այդ շահերին դեմ քաղաքացիական հասարակական կազմակերպություններ, ինչն, իհարկե, աբսուրդ է. արևմտյան գործընկերներից ֆինանսավորվող բոլոր կազմակերպությունները սպասարկում են միմիայն Վրաստանի շահերը:

«Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, «Հավասարության քաղաքականություն» ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ քաղհասարակության ուժն այն է, որ նրանք անկախ են բոլոր՝ քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ իշխանություններից. ինքնավարությունը քաղհասարակության հիմքն է:

Ըստ Միքելաձեի՝ Վրաստանի նման երկրներում, որոնք ղեկավարվում են կուսակցական ձևով, պետական բյուջեից քաղհասարակության ֆինանսավորումն ուղիղ կենտրոնում է պահում նրանց անկախության հարցը, որովհետև Վրաստանի նման երկրներում պետական բյուջեից ֆինանսավորում ստանալը նշանակում է՝ սպասարկել իշխանության նեղ կուսակցական շահերը: Այն իրողության պայմաններում, որ Վրաստանում պետական ինստիտուտներն անկախ չեն, խոսել այն մասին, թե պետբյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ները կլինեն անկախ՝ անհեթեթություն է:

Միքելաձեն նաև նշեց արևմտաեվրոպական փորձը, որտեղ պետբյուջեից ֆինանսավորվող ՀԿ-ները բացարձակ անկախություն ունեն, ինչը, ըստ նրա, պայմանավորված է տվյալ պետությունների անկախ ինստիտուտների գոյությամբ: Վրաստանի պարագայում խոսել անկախության մասին՝ անհնար է, քանի որ անգամ Սահմանադրությամբ ամրագրված ինստիտուտներն անկախ չեն:

««Վրացական երազանք»-ն այս հայտարարությամբ ցանկանում է բաժանարար գիծ դնել քաղհասարակության մեջ, թե, իբր, կան լավ և վատ քաղաքացիական հասարակական կազմակերպություններ: Ձգտում են ինչ-որ կոնֆլիկտ հրահրել, բայց ես վստահ եմ՝ անգամ ռեեստրում գրանցված կազմակերպություններից շատերը հեռու կմնան պետբյուջեի ֆինանսավորումից»,- ասաց Միքելաձեն:

Միքելաձեն ընդգծեց՝ «Վրացական երազանք»-ի առաջարկը ոչ մի դրական կողմ չունի: Ըստ նրա՝ կառավարությունն ուղղակի սկսելու է բացեիբաց ֆինանսավորել «գոնգո» ՀԿ-ներին (կառավարական ՀԿ-ներին — հեղ.), որոնց նախկինում այդքան բացեիբաց չէր ֆինանսավորում: Նրա պնդմամբ՝ հենց այդ կառավարական ՀԿ-ներն էլ կտարածեն ռուսամետ, հակաեվրոպական, կուսակցական շահերը:

Քաղաքագետ Գիա Նոդիայի խոսքով, Ռուսաստանի կամ Վրաստանի կառավարությունները, որոնք ընդունում են «օտար երկրի գործակալի» օրենքներն այն ձևով, ինչպես դրանք ընդունվել են, ենթադրում են՝ եթե որևէ երկրի բյուջեից գումար ես ստանում, ուրեմն` կատարում ես այդ երկրի թելադրանքը։ Ըստ նրա՝ հենց նույն տրամաբանությամբ էլ ակնկալելու են, որ պետբյուջեից ֆինանսավորվող վրացական ՀԿ-ները քաղաքականապես հավատարիմ կլինեն իրենց և կկատարեն իրենց առաջադրանքները.

«Այսինքն՝ «Վրացական երազանք»-ի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները լինելու են «գոնգոներ»՝ կառավարական ՀԿ-ներ։ Դա կլինի փսևդոքաղաքացիական հասարակություն… Իրավիճակը, երբ պետբյուջեից վերցված գումարները կարող են օգտագործվել այս իշխանության քաղաքական շահերի պաշտպանություն չպարունակող աշխատանք կատարելու համար, հնարավոր է միայն այն դեպքում, երբ հաստատված է բազմակարծիք ժողովրդավարական մշակույթ, որտեղ գիտեն պետության և իշխանության տարբերությունը»:

Նրա դիտարկմամբ՝ Վրաստանի քաղաքական մշակույթի երկրներում պետական ​​բյուջեից ՀԿ-ների ֆինանսավորումն ամեն դեպքում վտանգավոր է, քանի որ իշխանությունը միշտ ակնկալելու է, որ փող ստացողը քաղաքականապես հավատարիմ կլինի իրեն: Առավել ևս, դա վերաբերում է «Վրացական երազանք»-ին, որը նույնիսկ սկզբունքային մակարդակով չի պատկերացնում, որ բյուջետային գումարներ ծախսողը կարող է քաղաքականապես անկախ լինել։

Ի դեպ, ընդդիմությունը ևս Կոբախիձեի հայտարարությունն աբսուրդ է որակել: Ըստ ընդդիմադիրների՝ դա հասարակական կազմակերպություններին կաշառել է նշանակում։ 

Հիշեցնենք. չնայած միջազգային գործընկերների կոչերին, Վրաստանի խորհրդարանը երեք ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենք»-ը և մայիսի 28-ին հաղթահարել է նախագահի վետոն։ Նախագահը, ընդդիմադիր պատգամավորները, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցներն օրենքը բողոքարկել են Սահմանադրական դատարան։ Գործով կարգավորող նիստն արդեն կայացել է. սկզբնական փուլում դատարանը պետք է հայտարարի, որ կասեցնում է օրենքի գործողությունը մինչև հարցի քննարկման ավարտը։

Եթե ​​մոնիտորինգի արդյունքում պարզվի, որ կազմակերպությունը համապատասխանում է օրենքի «չափանիշներին», բայց խուսափել է գրանցվել «գործակալների ռեեստրում», ապա կազմակերպությունը հարկադրաբար կգրանցվի: Հայտնաբերված և չգրանցված «օտարերկրյա շահերը կրող կազմակերպությունը» կտուգանվի 25 հազար լարիի չափով։