Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում չի շնորհի։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարեց արտակարգ ճեպազրույցի ժամանակ՝ հավելելով, որ այլևս չի անդրադառնա այս հարցին։
Զուրաբիշվիլին հայտարարել է նաև, որ Սաակաշվիլիին պետք է հատուկ բանտարկյալ համարել, իսկ կառավարությունը պետք է բոլոր միջոցները ձեռնարկի նրա առողջությունն ապահովելու համար։
«Քանի դեռ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, ասեմ, որ նախկին նախագահին ներում շնորհելու վերաբերյալ իմ դիրքորոշումը հաստատուն և անփոփոխ է՝ ոչ և երբեք։ Նախկին նախագահը չի համապատասխանում քաղբանտարկյալի կամ անմեղ զոհերի որևէ չափանիշի։ Նա երկիր ինքնակամ և ապօրինի մուտք գործած դատապարտյալ է, ում մուտքի նպատակը երկրում ապակայունացում առաջացնելն էր», — ասել է Զուրաբիշվիլին:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, երբ իրավապահները ձերբակալեցին Սաակաշվիլիին, Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ ճեպազրույց անցկացրեց և հայտարարեց, որ նրան ներում չի շնորհելու։
«Երկրի նախագահի համար, իհարկե, հաճելի չէ, երբ նախկին նախագահին ձերբակալում են տեսախցիկների առջև, բայց օրենքը և օրենքի գերակայությունը դա են պահանջում», — հոկտեմբերի 1-ին հայտարարեց Զուրաբիշվիլին:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ից գտնվում է Ռուսթավի քրեակատարողական հիմնարկում։ Այդ պահից նա հացադուլի մեջ է։ Փաստաբանների ու նրա անձնական բժշկի խոսքով՝ նրա վիճակը գնալով վատանում է։