Հունվարի 3-ից հունվարի 5-ը ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել, որոշումը կայացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Որոշման համաձայն՝ պետական աշխատողները կունենան 9 հանգստյան օր։
«Հանրային կառույցներում աշխատողների համար 2024 թվականի հունվարի 3-ից հունվարի 5-ը արձակուրդ է սահմանվել: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն ստորագրել է համապատասխան որոշումը»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ։
Այս որոշման համաձայն՝ հանրային ծառայողները կունենան լրացուցիչ 3 օր հանգիստ, իսկ մնացած 6 օրը աշխատանքային օրենսգրքով նախատեսված հանգստի օրեր են։ Արձակուրդը սկսվում է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին, և ավարտվում երկուշաբթի՝ հունվարի 8-ին։
Բացի այդ, կառավարության վարչակազմի հայտարարության մեջ նշվում է, որ վարչական մարմիններն իրենք են որոշում այն աշխատողների ցանկը, որոնց վրա չի տարածվելու նոր որոշումը։
Ի դեպ, վարչապետը նման որոշում էր կայացրել նաև նախորդ տարի։ Նա ոչ աշխատանքային էր հայտարարել հունվարի 3-ից 6-ն ընկած օրերը: