Ուժեղացնում ենք աջակցությունը Վրաստանի քաղհասարակությանը և անկախ լրատվամիջոցներին. Հիպեր

Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիպերն ասել է, որ ԵՄ-ն ուժեղացնում է իր աջակցությունը ինչպես քաղաքացիական հասարակությանը, այնպես էլ անկախ լրատվամիջոցներին։ Այս տեղեկությունը հայտնել է Interpressnews լրատվամիջոցը։

«Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին: Մենք կասեցրել ենք Վրաստանի կառավարությանն ուղղված ուղղակի օգնությունը, որը կազմում է ավելի քան 120 միլիոն եվրո: Մենք նաև դադարեցրել ենք 2024 թվականի 30 միլիոն եվրո աջակցության միջոցառումները «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» միջոցով, և 2025 թվականին որևէ աջակցություն չենք նախատեսում»,- ասել է Հիպերը։

Նրա խոսքով` իրենք ուժեղացնում են աջակցությունը քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին։ «Արդեն իսկ գոյություն ունեցող աջակցությունից բացի, հավելյալ 15 մլն եվրո է հատկացվել քաղաքացիական հասարակությանը»,- Interpressnews-ին հայտնել է Անիտա Հիպերը։