ՈՒԵՖԱ-ն աջակցում է Աշխարհի երիտասարդական առաջնությունը Վրաստանում և ՀՀ-ում հյուրընկալելու հայտին

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Աշխարհի երիտասարդական առաջնությունը Հայաստանում և Վրաստանում անցկացնելու համատեղ հայտին, աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Վարչապետը հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի` հավելելով, որ ակնկալում են նաև ՈՒԵՖԱ-ի աջակցությունն այդ հարցում:

«Ալեքսանդր Չեֆերինը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն սերտորեն համագործակցում է ՀՖՖ-ի հետ՝ ի նպաստ մեր երկրում ֆուտբոլի զարգացման ու առաջընթացի: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության ենթակառուցվածքների բարելավման քայլերը ևս նոր ազդակ կհաղորդեն երկրում այս մարզաձևի առաջընթացին: Ալեքսանդր Չեֆերինը հավելել է, որ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին»,- հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հիշեցնենք. Վրաստանը և Հայաստանը միասնական հայտով դիմել են ՖԻՖԱ-ին՝ ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: 

Նշենք նաև, որ 2017 թվականին Վրաստանն ընդունել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, իսկ 2023 թվականին՝ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: