2023-2024 ուսումնական տարին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղի դպրոցի աշակերտները կդիմավորեն նոր դպրոցում:
2004 թվականից վագոններում դասընթացը կազմակերպած Չանախչիի 9-ամյա դպրոցը նոր, ժամանակակցից շենք ունի: Չանախչիի դպրոցի տնօրեն Մանանա Մանուկյանն «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ընդգծեց՝ այս տարի 3 առաջին դասարանցու համար առաջին զանգը կհնչի նոր ու հարմարավետ դպրոցում:
Ի դեպ, առաջին դասարանցիները ներառյալ` Չանախչիի դպրոցն ունի 20 աշակերտ:
Մանուկյանի խոսքով, նոր, ժամանակակից և եվրոպական ստանդարտներով կառուցված դպրոցի շենքը հնարավորություն կընձեռի դասապրոցեսն անցկացնել էլ ավելի հետաքրքիր ու արդյունավետ, քանի որ դրան նպաստող ամեն հարմարություն նոր դպրոցն արդեն ունի:
«Դպրոցում առկա են 9 դասասենյակ, դասասենյակ-լաբորատորիա, ուսուցչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, համակարգչային սենյակ, բուֆետ, արհեստական մակերեսով բաց մարզադաշտ, նախասրահ՝ զգեստապահարանով, միջանցք, ինչպես նաև նոր կահույք»,- պատմում է տնօրենը:
Նրա խոսքով, նորակառույց դպրոցին երկար են սպասել. անհարմարավետ վագոններից այժմ կտեղափոխվեն, և վստահ է՝ աշակերտներն էլ ավելի ոգևորությամբ կսովորեն, իսկ ուսուցիչները վերջապես կկարողանան օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրնսները, ինչը հնարավոր չէր վագոնային պայմաններում:
Ի դեպ, Չանախչիի նորակառույց դպրոցի շինարարությունն սկսվել էր 2019 թվականին: Վերոնշյալ ենթակառուցվածքների համար պետական բյուջեից հատկացվել էր 1 մլն 279 հազար 750 լարի, իսկ Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամը 2019 թվականի օգոստոսի 2-ին մրցույթ էր հայտարարել աշխատանքների համար։ Աշխատանքների ավարտի վերջնաժամկետ էր սահմանվել պայմանագրի կնքումից 160 օրացուցային օր, որը, սակայն, անավարտ մնաց: Ըստ կապալառու ընկերության՝ շինարարության անավարտ մնալու պատճառը շինանյութի թանկացումն էր: Շինարարության մեկնարկից մոտ երկու տարի անց կապալառու ընկերությունն իրականացրել էր միայն երկաթբետոնե շինարարական աշխատանքներ, կառուցվել էին տանիքի և արտաքին պատերի մետաղական կոնստրուկցիաները։
2022 թվականի սեպտեմբերի 19-ին Չանախչիի դպրոցի շինարարությունը ավարտին հասցնելու համար 2-րդ մրցույթը հայտարարվեց: Շինարարական աշխատանքները շարունակելն այս անգամ արժեցավ 1 միլիոն 58 հազար 545 լարի: Նախատեսվում էր իրականացնել ներքին և արտաքին հարդարման, դռների, պատուհանների և հատակների տեղադրում, ներքին և արտաքին ջրամատակարարման և կոյուղու, ջեռուցման ու օդափոխության, տարածքի բարեկարգման և այլ աշխատանքներ։