Ուսումնական հաստատությունների բացման պայմաններն՝ ըստ Վրաստանի վարչապետի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից հետո անդրադարձել է սահմանափակումների վերացման փուլերին: Ըստ նրա՝ հաջորդ կարևոր քայլը, որ ծրագրվում է անել՝  կրթության ու առաջին հերթին տարրական կրթական հաստատությունների բացումն է:

Նրա խոսքով՝ միայն այն դեպքում, երբ վարակի ցուցանիշը երկրում 4%-ի կհասնի, ամեն ինչ կարվի ուսումնական հաստատությունները բացելու համար:

«Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում աշակերտների ու նրանց ծնողների համար երկարաժամկետ տանը մնալն ու այն, որ նրանք իրավունք չունեն ֆիզիկապես գտնվել դասասենյակներում: Այս դեպքում էլ, հենց կորոնավիրուսի ցուցանիշն իջնի մինչև 4%, մենք ամեն ինչ կանենք այս ծայրահեղ կարևոր ոլորտի գործունեությունը վերադարձնելու համար»,- հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք՝ կառավարությունը նախորդ շաբաթ հայտարարել էր, որ մանկապարտեզներում, դպրոցներում ու համալսարաններում ուսումնական գործընթացը կվերականգնվի փետրվարի մեկից: