Լրիվ ծանրաբեռնվածության դեպքում ուսուցչի աշխատավարձը կբարձրանա միջինը 500 լարիով և ավելի, primetime.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարության նոյեմբերի 3-ի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վարչապետն ասել է, որ ուսուցիչներից ոմանց աշխատավարձը կբարձրանա 500 լարիով, ոմանց աշխատավարձը՝ 600 լարիով, ոմանցն էլ` 700 լարիով և այլն` չհստակեցնելով, թե ինչպես և ինչ կարգով է որոշվելու աշխատավարձի բարձրացումը:
Կառավարության ղեկավարն ասել է՝ 2024 թվականի բյուջեի վերամշակված տարբերակը կավելանա 700 մլն լարիով և այլ գերատեսչությունների հետ կարտացոլի նաև կրթության նախարարության ֆինանսավորման աճը։ Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ անդրադարձել է կրթության բյուջեի ավելացման հարցին և հայտարարել, որ 11 տարվա ընթացքում այս ուղղությամբ 300 տոկոս աճ է գրանցվել:
Ընդգծենք՝ այս պահի դրությամբ հանրակրթական դպրոցում աշխատող ուսուցչի համար լրիվ ծանրաբեռնվածություն (մեկ դրույք) է համարվում շաբաթական 18 ժամը: