Վաղը՝ հուլիսի 20-ին, առաջին անգամ Վրաստանում «Հայոց լեզու և գրականություն» առարկա դասավանդող ուսուցիչները քննություն կհանձնեն:
«Ալիք Մեդիան» խոսել է Վրաստանում «Հայոց լեզու և գրականություն» առարկա դասավանդող մի շարք ուսուցիչների հետ՝ պարզելու նպատակով, թե ինչպես են պատրաստվել քննություններին, ինչ վերապատրաստման ծրագրերի են մասնակցել, ինչ բարդությունների են բախվել քննություններին պատրաստվելու ընթացքում:
Մառնեուլիի շրջանի Խոժոռնի գյուղի դպրոցի տնօրեն Ռիմա Ղարիբյանը, որ նաև դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» է դասավանդում՝ նկատում է, որ երկար տարիներ չկար հայալեզու դպրոցների մայրենի լեզվի ուսուցիչների քննություն, և շնորհակալ է Վրաստանի կառավարությանը` նման հնարավորություն ընձեռելու համար:
«Սկզբում անորոշ էին քննությունների կերպը, հարցաշարերը, սակայն Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը երկօրյա հանդիպում անցկացրեց, և որոշակիացան քննության ընթացքն ու հարցաշարերի պարունակությունը»,- ասում է Ղարիբյանը:
Ղարիբյանը կարևորում է նաև այն փաստը, որ հարցաշարերը կազմվել են «Վրաց լեզու և գրականություն» առարկայի հարցաշարերի սկզբունքով: Այսպիսով, ըստ Ղարիբյանի՝ դա վկայում է, որ էթնիկ փոքրամասնությունները ևս պետականորեն հավասար իրավունքներ ունեն:
Ղարիբյանի խոսքով՝ նորությունը միայն էսսեներն են՝ ակնարկային թեմաները, որոնք իր ուսանողության տարիներին այլ ձևով էին գրվում, իսկ հիմա` այլ ձևով:
Ղարիբյանին համամիտ լինելով՝ Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան) «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ նոր սերնդի համար այս նոր մեթոդները շատ ավելի դյուրընկալելի են:
«Կարդում ենք էսսեները, և ես այլ կերպ եմ պատկերացնում դրանց վերլուծությունը, նոր սերնդի ուսուցիչներն` այլ կերպ, որը, փաստորեն, ավելի ճիշտ տարբերակ է»,- ասում է Նալբանդյանն ու հավելում՝ հուզմունք կա բնականաբար, բայց ինքն ավելի շատ անհանգստանում է քննության ժամանակ համակարգչային խնդիրների ի հայտ գալուց:
Նրա խոսքով, բացի Վրաստանի ԿԳ նախարարության անցկացրած դասընթացներից, իրենց օգնել են նաև մոտ 120 հոգուց բաղկացած՝ Վրաստանի Ախալցիխեի, Ախալքալաքի, Նինոծմինդայի և Մառնեուլիի խմբի գործընկերների հետ հանդիպումները, որոնք մեկ ամսից ավելի ընթանում են:
Ի դեպ, խումբն ստեղծել է թրենինգավար, երկու առարկայից առաջատար ուսուցչուհի Ազնիվ Կիրակոսյանը:
Կիրակոսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում անկեղծանում է՝ խմբի ստեղծման գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ քննություններ են լինելու, բայց որևէ ուղեցույց չկար, և ուսուցիչների շրջանում անորոշ իրավիճակ էր քննություններից առաջ:
«Սկզբում տարբեր զանգեր էի ստանում ուսուցիչներից՝ անհատական կամ խմբային պարապմունքների առաջարկով, բայց չհամաձայնվեցի, քանի որ շատ ժամանակ ու լուրջ ռեսուրսներ էին պետք դրա համար: Առաջարկեցի կամավոր ուսուցիչների խումբ ստեղծել և փոխադարձաբար միմյանց օգնել: Այդպես սկսվեցին մեր ամենօրյա հանդիպումները»,- ասում է Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ նախ ծանոթացել են վրացական տարբերակներին, ուսումնասիրել են էսսե գրելու ձևերը, աշակերտներին գնահատման և այլ մեթոդական հարցեր:
Մառնեուլիի շրջանի Կարմիգյուղից Լարիսա Գուլյանն էլ, որ նույնպես «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն պիտի հանձնի՝ ասում է, որ չնայած հանդիպումները, թրենինգները որոշ չափով օգտակար էին, բայց լիարժեք չեն օգնել իրենց:
«Ցանկալի կլիներ ի սկզբանե օրինակներ լինեին, և մենք էլ` այլ առարկաների ուսուցիչների նման, կարողանայինք ծանոթանալ դրանց և տրված օրինակով սովորել»,- ասում է Գուլյանը:
Ըստ Գուլյանի՝ բնականաբար անընդունելի է, որ երկար տարիներ Վրաստանում առարկայական քննություններ կան, և միայն այս տարի է, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչները իրավունք ունեն մասնակցելու և բարձրացնելու իրենց կարգավիճակը, այն էլ` նման անորոշ պայմաններում:
Նշենք, որ «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչների քննության առավելագույն միավորը 70-ն է, որը համարժեք է 10 կրեդիտ–միավորի:
Ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչները դեռևս ունեն պրակտիկոս ուսուցչի կարգավիճակ, հետևաբար, նրանց համար քննությունների անցողիկ շեմը 1 կրեդիտ-միավորն է համապատասխան առարկայի համար: