Զընգ-զըլնգ-զընգ… հնչում է դպրոցի զանգն ու ձայնը տարածվում է ամբողջ գյուղով մեկ, միայն թե դպրոց շտապող երեխաները գյուղում տարեցտարի պակասում են: Խորհրդային տարիներին նույն դպրոցում դասերը երեք հերթով են անցկացվել, նույն դասարանում սովորող աշակերտներն էլ երբեմն իրար չեն ճանաչել՝ դե մարդաշատ էր գյուղը, երեխաների ու դպրոցականների պակաս էլ չկար:
Այնպիսի հեռավոր գյուղերում, որտեղ որոշ առարկաներ սովորելը պարտադիր չէ, որոշների համար համապատասխան մասնագետ չկա, սեփական լեզվին ու պատմությանը տիրապետելու համար էլ հավելյալ ջանք ու եռանդ է պահանջվում, ուսուցչի դերը շատ մեծ է: Ու հենց այդպիսի հեռավոր գյուղերում հաստատ կգտնվի մեկը, որն իր վրա կվերցնի ՈՒՍՈՒՑՉԻ պարտականությունն ու տարիներ շարունակ սերունդներ կկրթի, ինքն էլ նրանց հետ ամեն անգամ նորից ու նոր բան կսովորի, և հենց այդ ուսուցիչը կդառնա մի ամբողջ սերնդի իդեալը, լուսատուն, նշաձողը, մարդ դառնալու հույսն ու գրավականը:
Գիտեք, մի տեսակ տպավորություն է, թե որտեղ էլ հայն ապրի, միևնույն է, դժգոհելու է, չի հարմարվելու ու ի վերջո արտագաղթելու է: Իսկ դրա համար, հավատացեք, նրանք հաստատ պատճառ կամ պատճառներ ունեն, այլապես ոչ ոք չի թողնի իր տունն ու տեղը, իր կրոնն ու եկեղեցին, իր նախնիների գերեզմանները:
Ինձ միշտ թվացել է, որ արտագաղթի ամենաառաջնային պատճառներից մեկը կրթությունն է՝ որակյալ կրթությունը, որը գյուղացու միակ երաշխիքն ու հույսն է, որ իր երեխան ‹‹մարդ›› կդառնա, չի տանջվի ինչպես ինքը, ֆիզիկական աշխատանքի փոխարեն մտավոր աշխատանք կանի՝ խելքով կպահի ընտանիքը…
Ջավախքի Կարզախ գյուղի միակ դպրոցը սովետմիության տարիներին բազմաթիվ անուններ տվեց՝ գիտության, մշակույթի, արվեստի ու արհեստի բնագավառներում: Նրանց մասին խոսեցին, գրեցին, նրանց աննունները գրքերում տպվեցին և հավերժացան: Նրանց սերնդակիցներից շատերն էլ նախընտրեցին վերադառնալ հայրենի գյուղ ու զբաղվել համեստ ու թերևս ամենապատասխանատու՝ սերունդներ կրթելու գործով: Այդպիսիներից մեկն էլ մեր հարգելի Քերոբյան Հակոբն էր: Ի դեպ՝ Ջավախքում ուսուցչին հարգելիով ենք դիմում: Հարգելի Քերոբյանը միաժամանակ իրար հետ կապ չունեցող առարկաներ էր դասավանդում՝ ֆիզիկա ու աշխարհագրություն, գծագրություն ու արվեստի պատմություն: Բայց ինչ էլ որ դասավանդեր, հարգելի Քերոբյանի դասերը միշտ ամենահետարքիրն էին: Երբեմն լինում էր, որ անգամ դասամիջոց չէինք անում: Ֆիզիկայի դասը վերջացնելուն պես քարտեզն ամրացնում էինք գրատախտակին ու անցնում աշխարհագրության դասին: Հարգելի Քերոբյանը ցուցափայտի սուր ծայրով քարտեզի վրա այս կամ այն քաղաքը, կղզին կամ թերակղզին, ծովը կամ օվկիանոսն էր ցույց տալիս ու երկար բարակ այդ ամենի մասին պատմում: Պատմում այնքան պատկերավոր, որ բոլորս պատկերացնում էինք թե ինչ գեղեցիկ աշխարհ է թաքնված մեր գյուղի լեռներից այն կողմ, թե հորիզոնն ինչքան գեղեցիկ է ու ինչքան տարբեր, թե որ աշխարհամասում ինչ կլիմայական գոտի է, թե որն է սուրճի հայրենիքը և այսպես շարունակ: Հետո կրկին անցնում էինք Նյուտոնի ու Օհմի օրենքներին, այդ ընթացքում հազար ու մի գրված ու չգրված օրենքներ էինք քննարկում, բանավիճում դրա շուրջ՝ կարծիքներ արտահայտում, տուն գնալուն պես էլ փորձում այդ գլուխկոտրուկ խնդիրների լուծումները գտնել:
Գյուղում մեր սովորելու տարիներին չկար ո՛չ արվեստի դպրոց, ո՛չ պարի կամ երգի կամ էլ նկարչության խմբակ: Հարգելի Քերոբյանն այս բացը լրացնելու համար արտադասարանական դասեր էր վերցրել ու դասերից հետո արվետի ժամ էր պարապում աշակերտների հետ: Պատմում էր հայկական արվեստի տարբեր ճյուղերից, աշուղների կյանքն էր ներկայացնում, աշուղական երգը: Թեև այդքան էլ լավ ձայնային տվյալներ չուներ, սակայն շատ էր սիրում երգել, դրանով նաև քաջալերելով աշակերտներին՝ երգել կարողության չափով, որովհետև ինչպես հարգելի Հակոբն էր ասում, երգը կյանքը հեշտացնում է, հոգսերն էլ մոռացության մատնում: Մեր տատիկ պապիկներն էլ, պարզվում է, հենց դրա համար են միշտ երգել աշխատելիս՝ հողը մշակելուց, ցանելուց, հնձելուց, կարելուց, գործելուց…
Իսկ հարգելի Քերոբյանի սիրելի աշակերտը դառանալու համար շատ բան պետք չէր, սովորել էր պետք, կարդալու հանդեպ սեր, պրպտող միտք ու աշխատասիրություն էր պետք: Բայց իր դասերին անգամ ամենածույլ աշակերտներն էին սիրով նստում, ու հետո էլ գլուխ գովում, որ քարտեզի վրա սեփական ապրելու տեղը կարող են ցույց տալ, ու էլի լիքը քաղաքներ ու ծովեր: Ֆիզիկայից էլ հաստատ հիշում էին, որ Նյուտոնի գլխին խնձոր է ընկել, Նյուտոնն այն կերել է, հետո գլխի ընկել ու օրենքի վերածել…
Աշուններ ու գարուններ, ամառներ ու ձմեռներ են անցել, մեր հարգելի Քերոբյանն ասես չի էլ ծերացել, միշտ նույն է եղել՝ մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր, անկիրթի հետ բարեկիրթ, խելոքի հետ հարգանքով, սակայն բոլորի համար ՀԱՐԳԵԼԻ:
Ուսուցիչ դառնալ կարող են շատերը, բայց քչերն են կարող լինել ուսուցիչ:
Հարգելի Քերոբյանը դարձել է արդեն մի քանի սերնդի շատ սիրելի ՈՒՍՈՒՑԻՉԸ: Վերջերս էլ սկսել է աշխատել Կարզախ գյուղում գործող աշուղ Ջիվանու տուն-թանգարանում:
Եթե ոտքներդ ընկնի Ջավախք, անպայման գնացեք Կարզախ, չեք փոշմանի: Գյուղի գեղեցիկ դիրքը, չորս կողմից գյուղը պինդ գրկած լեռները, ծաղիկներն ու քամիները, մայրամուտն ու աստղերն էլ երբեք չեք մոռանա: Այցելեք աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ մեր հարգելի Քերոբյանը ձեզ գյուղի մասին գեղեցիկ պատմություններ կպատմի, գյուղի պատմական անցյալը կներկայացնի, գյուղի մեծերի՝ այցեքարտը դարձած անունների մասին կպատմի, և անպայման աշուղ Ջիվանու գործերից կասմունքի, ով իմանա՜, գուցե նաև կերգի:
Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի «Բլից արտ» հաղորդաշարի լրագրող, հաղորդավար)
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։