Ուսանողների ձայնը. «Հանուն ապագայի պետք է գնալ ընտրությունների»

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը փորձում է օգնել էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ երիտասարդներին՝ նրանց ձայնը լսելի դարձնելու նպատակով: Զրուցել ենք այն երիտասարդների հետ, որոնք այս տարի առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին։

Այս անգամ մեր զրուցակիցն է Իլիայի պետական ​​համալսարանի վրաց բանասիրության ուսանող Նինա Պապիկյանը՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոչիո գյուղից։

Նինան ասում է, որ, ցավոք, Վրաստանի քաղաքական դաշտում երիտասարդության մեծ մասի ձայնը չի լսվում, քանի որ երիտասարդությունն այլ բան է ուզում, բայց քաղաքական գործիչներն ու իշխանությունն անում են այն, ինչ իրենք են ցանկանում․ դա հիմնականում ցանկալի չէ երիտասարդության համար։

Նինայի խոսքով՝ հոկտեմբերի 26-ի ընտրություններին երիտասարդության մասնակցությունը շատ կարևոր է. « Նրանք, ովքեր մտահոգված են իրենց երկրի ապագայով, պետք է գնան ընտրություններին, հատկապես այս պահին, երբ մենք պայքարում ենք մեր եվրոպական ապագան փրկելու համար»,- ասում է նա։

Հարցին, թե արդյոք քաղաքական կուսակցությունները կամ թեկնածուները համարժեք արձագանքում են երիտասարդների և էթնիկ փոքրամասնությունների կարիքներին ու խնդիրներին, Նինան պատասխանում է, որ, ցավոք, չի հանդիպել այնպիսի կուսակցության, որը բավարար ուշադրություն դարձնի էթնիկ փոքրամասնություններին՝ նախընտրական ծրագրում խոսելով նրանց մասին։ Ցավոք, էթնիկ փոքրամասնությունները ընտրարշավներում չեն նշում, կամ շատ մակերեսորեն։ Նինան կարծում է, որ քաղաքական կուսակցությունների կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ հոգատարության պակաս կա։

Նրա խոսքով՝ իր համայնքի երիտասարդության քաղաքական մասնակցությունը բարձրացնելու համար պետք է երիտասարդներին ցույց տալ, որ նրանց կարծիքը նույնպես կարևոր է, տեղական իշխանությունը համապատասխան հնարավորություններ ստեղծի երիտասարդների՝ որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու և նրանց մոտիվացիան բարձրացնելու համար։

Ամենակարևոր ուղերձը, որ նա ցանկանում է հղել քաղաքական առաջնորդներին և կուսակցություններին՝ կապված իր համայնքի երիտասարդության կարիքների և ձգտումների հետ, ուշադրություն դարձնել էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններին/բնակավայրերին և նպաստել դրանց հավասար զարգացմանը: Նինան, սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ չպետք է մոռանալ բարձր լեռնային շրջանները։ Առաջին հերթին, ըստ նրա, պետք է շեշտը դնել կրթական համակարգի վրա, քանի որ վերջինս հստակ կարիք ունի զարգացման և փոփոխությունների իրականացման։ Նինան կարծում է, որ ամեն ինչ գալիս է կրթությունից, այդ թվում՝ ոչ ֆորմալ կրթությունից. «Ոչ ֆորմալ կրթության զարգացումը շատ կարևոր է։ Վրաստանի գրեթե բոլոր գյուղերին անհրաժեշտ են երիտասարդական կենտրոններ և գրքի ակումբներ, քանի որ դա այնտեղ ապրող երիտասարդների համար հավասար զարգացման ուղիներից մեկն է»,- ասում է Նինան։

«Ալիք Մեդիա Վրաստանը» շարունակում է զրուցել առաջին անգամ ընտրողների հետ, առաջիկայում կներկայացնենք շարքի նոր հոդվածը։

Հեղինակ՝
Էդիկ Կամալյան