Վրաստանյան մի շարք բուհերի ուսանողներ Թբիլիսիի պետական համալսարանից (ԹՊՀ) երթով շարժվել են դեպի խորհրդարան։ Տեղից հաղորդում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։
Ուսանողները վանկարկում են` «Դուրս եկեք», քաղաքացիներին կոչ անելով միանալ ցույցերին։
Քաղաքացիները պատշգամբներից ուսանողներին իրենց համերաշխությունն են հայտնում։
Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամակերպվել, փողոց դուրս գալ։