ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շինհրապարակ։Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը դիմավորեց հյուրերին, առաջարկեց շրջել նոր կառուցվող շենքում։ Թատրոնի շենքի դրսի աշխատանքներն ավարտված են։ Շենքի շահագործումը շինարարը խոստանում է ընթացիկ տարվա նոյեմբերին։
Զարեհ Սինանյանն ասում է՝ ուրախ է տեսնել, որ հայ համայնքն ապրում է լիաթոք, կապված է մշակույթին, արվեստին, իր այցն էլ նպատակ ունի վեր հանել խնդիրները, հասկանալ՝ ինչով կարող են աջակցել դրանց լուծման հարցում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով Թբիլիսիում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նա արդեն հասցրել է լինել Թբիլիսիի Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնում, ծանոթանալ կենտրոնի գործունեությանը, այցելել նաև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և Գարի Դավթյանի Տիկնիկների տուն։
Այցի շրջանակներում նախատեսված են այցելություններ հայկական կրթական հաստատություններ, հանդիպումներ՝ Վրաստանի գերատեսչություններում։