Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ խորհրդարանական պատվիրակության Ուկրաինա կատարած այցի ժամանակ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» մասին քննարկում չի եղել։
Պապուաշվիլիի խոսքով՝ ուկրաինացիների հետ պայմանավորվել են, որ թյուրիմացություններից խուսափելու լուծումն անմիջական շփումն է։
Ըստ նրա՝ գլխավորն այն է, որ երկու երկրների միջև համագործակցության տրամադրություն կա։
«Միացյալ ազգային շարժումը» և Միխեիլ Սաակաշվիլին այնտեղ (խմբ. Ուկրաինայում) ոչ մի կերպ չեն քննարկվել։ Թե՛ փակ, թե՛ բաց հատվածում մեկ տրամադրություն ու մեկ ալիք կար՝ ջերմություն, ընկերություն և թյուրիմացությունները շտկելու ցանկություն…
Մենք տեսնում ենք, որ ՄԱՇ-ի անդամներն ակտիվորեն երևում են ուկրաինական լրատվամիջոցներում և նրանց հիմնական խնդիրն է մեր երկիրը վատ ներկայացնել ուկրաինացի ժողովրդի աչքում և թուլացնել Վրաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ»,- ասել է Պապուաշվիլին։
Նշենք, որ Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելել է Ուկրաինա։ Պատվիրակության կազմում չեն եղել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպացի սոցիալիստներ» խմբակցությունների ներկայացուցիչներ։