Հոկտեմբերի 30-ի առավոտյան Թբիլիսիի մետրոյի Իսանի և Սամգորի կայարանների միջև ընկած թունելում գնացքը 15-18 րոպե կանգ է առել: Հայտնում են Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտի ծառայությունից:
Թբիլիսիի մետրոյից օգտվողները տարբեր գրառումներ են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում՝ դժգոհություն հայտնելով ու նշելով, որ մարդիկ վախեցել են։
Տրանսպորտի ծառայությունը բացատրում է, որ գնացքը կանգ է առել առավոտյան ժամերին Մարջանիշվիլի կայարանում և անհրաժեշտություն է առաջացել այն հանել գծից: Հենց այդ պատճառով էլ մետրոյի մյուս կայարաններում երթևեկությունը դանդաղ է ընթացել կամ էլ դադարեցվել:
Նշենք, որ վերջին շրջանում Թբիլիսիի մետրոպոլիտենը հաճախ է խափանումներով աշխատում: Հոկտեմբերի 28-ին ևս մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել․ մետրոյի առաջին գծում գնացքի աշխատանքը մոտ 10 րոպե դադարեցվել էր:
Թբիլիսիի մետրոյում 2018-ին 305 տեխնիկական խնդիր է արձանագրվել, իսկ 2019-ին՝ 100: Այս դեպքերից 30 տոկոսի ընթացքում ուղևորներին տարհանելու կարիք է առաջացել:
2018-2019-ին Թբիլիսիի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների բարելավման համար բյուջեից հատկացվել է 100 մլն լարի: