Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ադիգենիի մունիցիպալիտետի ամենամեծ գյուղերից մեկում սողանքային երևույթներն ակտիվացել են: Ուդե գյուղում երկրաբաններ են աշխատում։
Ադիգենիի քաղաքապետ Գոչա Քիմաձեն ասել է, որ սողանքներն ակտիվացել են գյուղի փողոցներից մեկի («Պիրդապիրեբի») մոտակայքում, որտեղ ապրում է մոտ 20 ընտանիք: Քաղաքապետի խոսքով, մեկ տուն բնակության համար անպիտան է, հնարավոր է ևս չորս-հինգ ընտանիք տեղահանվի:
«Երկրաբաններն աշխատում են, և դրանից հետո մենք կիմանանք, թե որքանով կա բնակչության տարհանման կարիք, մենք ունենք պատրաստի տարածք, որտեղ կարող ենք տեղափոխել նրանց»,- radiotavisupleba լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Քիմաձեն։
Գյուղում, որտեղ ապրում է մոտ 1800 ընտանիք, սողանքային երևույթների զարգացում է կանխատեսվել Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվական տեղեկագրում, որը 2023 թվականին սպասվող սողանքային երևույթների մասին է։ Ըստ նույն տեղեկագրի՝ մունիցիպալիտետում կա 16 սողանքային տարածք: