Ինձ համար մարդկանց նկարելը աշխարհ նկարել է․․․
Ախալքալաքցի 16-ամյա նկարչուհի Արևիկ Խրիմյանը արվեստի ոլորտում ազատության կողմնակից է։ Խրիմյանն իրեն հոգու նկարիչ է համարում, որը պատկերում է մարդկանց հոգին ու զգացմունքները: Երիտասարդ նկարչուհին սովորում է Ախալքալաք քաղաքի Մայակովսկու անվան թիվ 2 հանրային դպրոցի 11-րդ դասարանում։ Ուսմամբ ծանրաբեռնվածությունը նրան երբեք չի ստիպել վայր դնել վրձինն ու ներկերը։
Արևիկն իր առաջին քայլերը արվեստի բնագավառում արել է դեռևս մանուկ հասակում։ Աղջնակի տաղանդը բացահայտվել է դեռևս պարզունակ նկարներ անելիս։ Հիմա, կարծես, ակներև է նաև նկարչի նրա յուրօրինակ ոճը։
Ո՞վ է քո նկարների հերոսը, ինչպե՞ս ես ընտրում նրան։
Իմ նկարների հերոսը մարդն է` իր առավելություններով ու թերություններով։ Ես միայն մարդկանց եմ նկարում` մարմին, դիմանկար։ Սա է իմ նախասիրությունը, որը վաղուց եմ ընտրել։ Ինձ հաճախ են ասում` բնություն նկարիր, բնանկարներ, այլ պատկերներ, բայց ես տարերքիս մեջ եմ զգում ինձ, երբ կտավին եմ հանձնում մարդկանց դիմանկարները, մարմինը և այլն։ Նկարների հերոսներին ընտրելը դժվար պրոցես չէ, հեշտությամբ եմ կողմնորոշվում` ինչ նկարել տվյալ օրը։
«Արևիկը նկարում է, երբ․․․»
․․․երբ իրեն ազատ է զգում։ Կարծում եմ, հարկադրաբար, թեկուզ եթե ինքդ ես ստիպում քեզ, հնարավոր չէ ստանալ լավ որակի աշխատանք, այդ թվում` նաև նկար, ուստի պետք է նկարել երբ հոգիդ ու մարմինդ ներդաշնակորեն ուզում են կտավին հանձնել հույզերդ, մտքերդ, զգացմունքներդ․․․ երբ ուզում ես երբեմն գունավորել մռայլ հոգիները։
Ի՞նչ ես ուզում փոխանցել քո նկարներով:
Ինձ շրջապատող աշխարհն ու ի՛նձ եմ ուզում փոխանցել իմ նկարներով։ Յուրաքանչյուր իմ նկար տարբեր «մեսիջներ» է պարունակում։ Կուզեի խոսել վերջին շրջանում, թերևս, իմ ամենասիրելի կտավի մասին։ Դա Դանտեի և Վիրգիլիոսի նկարն է. նրանք դժոխքում են և հետևում են մեղքեր գործած մարդկանց։ Այս նկարը չափազանց խճճված մտքեր է պարունակում, հիմնական նպատակս ցույց տալն է, թե ինչ է դժոխքը։
«Ալիք Մեդիա»-ին իր սիրելի նկարը ներկայացնելիս ծիրանագույն ներկով իր նոր ճերմակ վերնաշապիկը պատահաբար ներկոտելով` աղջիկն ասաց. «Ոչինչ, սովոր եմ, առանց սրա չի լինում»։
Վերջերս քո նկարները ցուցադրվեցին «Գենդերային փառատոն» միջոցառման ժամանակ, կարևորո՞ւմ ես այդ ցուցահանդեսը, և ի՞նչ այլ մրցույթների ես մասնակցել։
Ինձ համար շատ կարևոր էր մասնակցել այս փառատոնին։ Շատ մարդիկ իմացան իմ մասին և տեսան իմ աշխատանքը։ Ինձ տրվեցին խորհուրդներ և օգտակար դիտողություններ, որոնք շատ օգտակար էին ինձ համար։ Հուսով եմ՝ սա չի լինի իմ ստեղծագործությունների վերջին ցուցահանդեսը։ Այլ մրցույթների նույնպես մասնակցել եմ, Dali’s moustache միջազգային մրցույթում գրավել եմ առաջին տեղը։ Ինձ հրավիրեցին Իսպանիա, բայց Covid-ի պատճառով չկարողացանք հասնել այնտեղ։ Այս շրջանում մրցույթների չեմ մասնակցում։ Ուսմանս ու մասնավոր պարապմունքների պատճառով շատ քիչ ժամանակ ունեմ։ Այս պահին կենտրոնացած եմ իմ ուսման վրա, սակայն նկարել երբեք չեմ դադարում։
Ինչ հաճախականությամբ ես նկարում, արդյոք դա նշանակություն ունի՞ նկարները հետզհետե ավելի կատարելագործելու հարցում։
Նկարում եմ ամեն օր, և դա իսկապես կարևոր է, սակայն ամենագլխավորը չէ։ Իհարկե, ավելի հաճախ նկարելու դեպքում հեշտությամբ կարելի է վարժվել, որոշ դետալներ կատարելագործել, բայց դա ոչ թե պետք է դառնա պարտադիր գործուղություն, այլ օրվա մի մասնիկ։ Ինձ համար նկարելը հոբբի է, ես հաճույք եմ ստանում յուրաքանչյուր պարզ թվացող գործողությունից։ Բացել մոլբերտը, դրա վրա դնել կտավը, բացել ներկերը, խառնել, ստանալ նոր գույն, և այս հասարակ թվացող գործողություններն անգամ սկսնակ նկարչի համար հաճելի են։
Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունես, արդյո՞ք դրանք կապված են արվեստի հետ։
Իմ կյանքի ուղին առանց արվեստի, իմ նկարների ու ներկերի չեմ պատկերացնում։ Ապագայում նախատեսում եմ դառնալ ինժեներ կամ ծրագրավորող։ Պատրաստվում եմ սովորել Երևանում և այնտեղ շարունակել գործունեությունս։ Երազում եմ իմ հետևից մեծ հետք թողնել, որպեսզի մարդիկ ինձ հիշեն որպես բազմակողմանի մարդ։ Ես ուզում եմ, որ իմ ազգանունը հիշվի։ Ես կհասնեմ իմ նպատակներին և կբացեմ իմ տիեզերակայանը Հայաստանում։