Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիկձեն անդրադարձել է պատվաստման ու պատվաստանյութերի հետ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանափակումների վերացման հետ ուղիղ կապի մասին: Գամկղրելիձեի հիմնական ուղերձը սա է՝ առանց պատվաստման պանդեմիան չի ավարտվի:
Վերջինս հույս է հայտնել, որ մայիս-հունիս ամիսներին օրվա կտրվածքով կպատվաստվի 5000-6000 քաղաքացի: Մինչ այս պահն օրական 1200-1500 պատվաստում էր արվում, այսօր արդեն այս թիվը կլինի 2800, սակայն Գամկղրելիձեի խոսքով, սա էլ քիչ է վերջնական նպատակին հասնելու համար: Խոսելով կորոնավիրուսից օրական երկու տասնյակ մահերի մասին, վարակաբանն ընդգծում է՝ ամեն 300 պատվաստված անձ փրկում է մեկ համաքաղաքացու կյանք:
Ըստ Գամկղրելիձեի, երբ երկրի բնակչության առնվազն 60%-ը երկու չափաբաժնով պատվաստվի, հնարավոր կլինի դիմակ չկրել բաց տարածքներում: Այսպիսով կոչ է արել ժողովրդին այցելել պատվաստման կենտրոններ ու պատվաստվել:
Նշենք, որ մայիսի 4-ից Վրաստանում պատվաստման գործընթացն ընթանում է երեք պատվաստանյութով՝ Pfizer, Astrazeneca և Sinopharm տեսակներով` 91 հաստատությունում՝ 137 բրիգադով:
Մայիսի 6-ին երկիրը կստանա Astrazeneca 43 000 հավելյալ չափաբաժին:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 27-ից մեկնարկել է 18 տարեկանից բարձր անձանց գրանցումը՝ չինական պատվաստանյութով պատվաստման համար: Այս պահի դրությամբ պատվաստման համար գրանցվել է 17 613 անձ: Ընդհանուր առմամբ, Վրաստանը ստացել է Sinopharm-ի 100 000 չափաբաժին:
Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում: Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:
Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել: