«Ուզում են նկարել՝ թող նկարեն»․ ԿԸՀ-ն՝ ընտրախցիկների հավելյալ հատվածների մասին

Թբիլիսիի «Ծովի շրջանի» 80-րդ ընտրատեղամասում մի քանի խախտում է նկատվել։

Ընտրական խցիկում տեղադրված է հավելյալ ստվարաթուղթ, որն, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նշյալ ընտրատեղամասի ղեկավարի, հավելյալ, գաղտնիություն ապահովելու համար է։

Նշենք, որ ըստ կարգի` խցիկը ցածր պատնեշով է նախատեսված, որպեսզի լուսանկարահանում չիրականացվի, ինչը, սակայն, ըստ ԿԸՀ ղեկավարի` ԿԸՀ-ին չի վերաբերվում, և մեր հարցին` արդյո՞ք դա չի նպաստում, որ լուսանկարահանում իրականացվի, նա պատասխանեց․ «Ուզում են նկարել՝ թող նկարեն»։

Նշենք նաև, որ ընտրատեղամասում, իշխող կուսակցության դիտորդներից բացի, այլ դիտորդներ չկան։ Միաժամանակ, իշխող կուսակցության անդամները նկատել են նաև ագիտացիայի դեպքեր, մասնավորապես` բարձրաձայն ուղղորդումներ ընտրողներին։

Կար նաև բյուլետենների պակաս, որի պատճառով հերթ էր գոյանում, ինչը ԿԸՀ անդամները մասնակցության բարձր ակտիվության հետևանք են համարում։

Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։

150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։