«Ուժեղ Վրաստան»-ի առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) խորհրդարանական ցուցակների չեղարկման վերաբերյալ։ Ըստ նրա՝ ԿԸՀ նախագահն այժմ պարտավոր է եռօրյա ժամկետում չեղարկել պատգամավորական ցուցակը, որից հետո կքննարկվեն անհատական հայտարարություններն ու կներկայացվեն խորհրդարան ըստ հստակ ժամկետների։
«Մենք պատասխանատու, սկզբունքային քաղաքական միավորում ենք, որն առաջին իսկ պահին, երբ հաստատվեց խորհրդարանական ընտրությունների կեղծումը, հայտարարություն արեց ու կատարեց ասածը։ Մենք ասացինք, որ հենց ցուցակների չեղարկման առաջին օրինական հնարավորությունը ստեղծվի, մենք դա կանենք ու արեցինք։ Այսօր հնարավոր դարձավ ցուցակների չեղարկման մասին միջնորդություն ներկայացնել»,- ասել է Իրակլի Կուպրաձեն։
Նշենք, որ նոյեմբերի 25-ին «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը նույնպես դիմել է ԿԸՀ՝ կուսակցության ցուցակը չեղարկելու պահանջով։ Կոալիցիայի անդամ Թենգո Թևզաձեի խոսքով` երբ ԿԸՀ նախագահը չեղարկի կուսակցական ցուցակը, դրանից հետո իրենք կդիմեն խորհրդարան մանդատների չեղարկման հարցով։